ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2015 19:10
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Երեկվանից որոշ անձինք համառորեն լուրեր են տարածում, թե իբր ոստիկանությունը հապաղել է մեկնել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու ահազանգի հետքերով, ոմանք նաև դիտավորություն են տեսնում հապաղման հարցում:
Ներկայացնենք պաշտոնական տեղեկատվություն:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 911 ծառայությունից, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ մարդ կա:
Ահազանգով անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, նաև` ՊՊԾ առաջին գումարտակի խումբը, քանի որ ըստ մեկ այլ ահազանգի` Աբովյան փողոցը փակ էր:
Խմբերը նշված վայր են հասել երեք րոպեի ընթացքում:
Ժամը 15-ին դեպքի վայր են մեկնել Կենտրոնականի բաժնի պետը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը, հետաքննիչը:
Անմիջապես դեպքի վայր են հրավիրվել նաև փորձաքրեագիտական վարչության փորձագետն ու ՊՊԾ հրամանատարը` ՊՊԾ վերակարգերով:
Մինչ օպերատիվ խմբերի դեպքի վայր հասնելը շտապօգնության թիվ 41 բրիգադը Սուրբ Գ. Լուսավորիչ ԲԿ է տեղափոխել Սմբատ Հակոբյանին:
Մինչ բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ ստանալը, ժամը 15:20-ին, հիվանդանոց է մեկնել ևս մեկ օպերատիվ խումբ` բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հերթական անգամ խնդրում ենք ոստիկանության մասին որևէ տեղեկատվություն տարածելիս նախ դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որի աշխատակիցները պատրաստ են շուրջօրյա տրամադրել ճշգգրիտ և ամբողջական տեղեկատվություն: