ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.08.2018 17:30
Պարեկայինները Մալաթիայում հետապնդել ու բռնել են բնակարանային գողության փորձ կատարածին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի լույս 2-ի գիշերը՝ ժամը 5-անց 35-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց, որ իրենց բնակարանի դուռը փորձում են բացել։ Բնակարանը Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում է։
Կատարվածի մասին օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային կարգախումբը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ՝ ավագ ենթասպա Սաշա Սարգսյանն ու ենթասպա Վահան Սարատիկյանը, վայրկյան չկորցնելով, շտապեցին Բ2 թաղամասի թիվ 93 շենք։ Շենքի բակում հետապնդել ու բռնել են մի տղամարդու և կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Խոսքը Իսակովի պողոտայում ապրող Սամվել Վահրամյանի մասին է։ Նա բռնվելիս ձեռքից գցել էր տոպրակ, որի մեջ կային տարբեր իրեր, այդ թվում՝ փականներ բացելու հարմարեցված գործիքներ, բանալիներ, մեկ զույգ ձեռնոց և այլն, որոնք առգրավվեցին։
Տուժողից հաղորդում է ընդունվել։
42-ամյա Վահրամյանը ձերբակալվել է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: