ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2018 15:46
Ոստիկանները հայտնաբերել են Նորագավիթում կատարված բնակարանային գողության համար հետախուզվողին
Մայիսի 29-ից հունիսի 3-ը Նորագավիթի 3-րդ փողոցի մի տնից գողություն էր կատարվել: Պատուհանով մտել էին տուն, ննջարանի պահարանից հափշտակել 600.000 դրամ ու փախել:
Գողության մասին ահազանգը ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հունիսի երեքին: Տուժողը որևէ մեկին չէր կասկածում: Մոտ երեք օր տնից բացակայելուց հետո վերադարձել էին ու տեսել, որ փողը չկա:
Նորագավիթ մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց բացահայտման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնց արդյունքում ստացված տեղեկությունները վկայում էին, որ բնակարանագողն ամենայն հավանականությամբ Նորագավիթից է:
Դեպքի վայրերից վերցված մատնահետքերն ուղարկվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Մատնադրոշմային քարտերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կասկածյալի մատնահետքերը նույնական են գողության համար նախկինում դատպարտված Նորագավիթի 3-րդ փողոցի բնակիչ Ռուստամ Եղիազարյանի մատնահետքերի հետ, ում ոստիկաններն արդեն կասկածում էին:
Սակայն նրան հայտնաբերել չհաջողվեց:
Սեպտեմբերի 7-ին Ռուստամ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Եվ հետախուզում հայտարարելուց օրեր անց` սեպտեմբերի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Պուշկինի փողոցում հայտնաբերցին Եղիազարյանին և բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ժողովրդական ասույթին հակառակ տուժողը դուռը փակ էր պահել, հարևանին էլ չէր կասկածում: Բայց դրկից Ռուստամ Եղիազարյանը որպես թիրախ հենց նրա տունն էր ընտրել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: