ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2017 13:09
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից եւ անձամբ շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի՝ ոստիկանության 99-րդ տարեդարձի առթիվ:
Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն համարյա մեկ դար, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն երկրի անկախության եւ արժանապատվության, հանուն օրենքի եւ օրինականության, ժողովրդի անվտանգության ու բարօրության, մարդու իրավունքների եւ ազատությունների:
Այդպես է եղել մեր ժողովրդի առնվազն վերջին հարյուրամյակի բոլոր լուսավոր ու դառը ժամանակներում, այդպես է այսօր, երբ մի նոր ընթացքով հաստատում ենք մեր անբացակայությունը մարդկության պատմության ընթացքից: Եվ բոլոր այդ ժամանակներում ոստիկանությունը ոչ միայն պետականության հիմնասյուներից մեկն է, այլեւ օրենքին ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ:
Անքննելի է այս առաքելությունը, որովհետեւ ոստիկանի մասնագիտությունը արդարությունը վկայելն է, եւ ոստիկանի մեջ են երկխոսում իրավապահն ու քաղաքացին: Ուրեմն ոստիկանությունը պետք է ոչ միայն համաքայլ լինի հանրային զարգացումներին, այլեւ՝ մի քայլ էլ առաջ, միշտ ապագային միտված: Այստեղից էլ՝ մեր համակարգի մշտական ինքնակատարելագործման, նորացման ու արդիականացման հրամայականը: Այստեղից էլ՝ արմատական բարեփոխումների գործընթացը, որի արդյունքներն ակնհայտ են:
Վերջին տարիներին ոստիկանությունը քանիցս առերեսվեց բարդագույն իրավիճակների: Ունեցանք ծանր կորուստներ, անդառնալի զոհեր, բայց պատվով ու ամրացած ելանք այդ վիճակներից: Հանցավորության նորագույն մարտահրավերների դիմակայեցինք եւ հաղթահարեցինք առավել պրոֆեսիոնալ ու արդյունավետ: Սկզբունքորեն փոխվեցին հասարակություն-ոստիկանություն հարաբերությունները, եւ այսօր ունենք հանրային վստահության ու աջակցության աննախադեպ մակարդակ:
Կունենայի՞նք այս ամենը, եթե հետեւողական ու անշեղ չլինեինք ոստիկանությունը բարեփոխելու սկզբունքային ընթացքի մեջ:
Ո՛չ, չէինք ունենա:
Բավարարվա՞ծ ենք արդյունքներով:
Ո՛չ, բավարարված չենք: Դեռեւս կան սխալներ, թերություններ, թերացումներ, հնին դառնալու միտումներ, որոնք պիտի շտկվեն ու հաղթահարվեն:
Բավարարված չենք, որովհետեւ բարեփոխումը հարատեւ է, եւ վայրկյան իսկ կանգ առնելը նահանջ կնշանակի: Իսկ մենք նահանջելու իրավունք չունենք եւ չենք նահանջելու:
Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ առաքելություն, ժողովրդի հավատն ու օրենքի վստահությունն արդարացնելու գերագո՛ւյն առաքելություն, եւ մենք՝ շարքայինից գեներալ, հավատարիմ ենք մեր մեկընդմիշտ երդմանը, որ գործ ենք դարձնում ամեն օր:
Բոլորո՛վ, միասի՛ն, միակա՛մ:
Շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս Ոստիկանության օրվա առթիվ:
Շնորհակալ եմ մեր մեծ գործը պրոֆեսիոնալ ու արժանապատվորեն կատարելու համար:
Շնորհակալ եմ ոստիկանական ընտանիքներին՝ մեզ ամուր թիկունք լինելու համար, ծնողներին՝ այսպիսի զավակներ դաստիարակելու համար:
Խոնարհվում եմ՝ մեր զոհված ծառայակիցների լուսավոր հիշատակի առաջ:
Եվ խոնարհումս նրանց հարազատներին, որ կենդանի են պահում մեր հերոսների անունը, գործը, հիշողությունը:
Շնորհավորում եմ մեր վետերաններին եւ մաղթում տեւական ու իմաստուն ընթացք մեր շարքերում:
Շնորհավորում եմ մեր երիտասարդ գործընկերներին, որ գալիս ու գալու են արդարությանը ծառայելու:
Թող տրվի բոլորիս ուժ, կամք, զորություն՝ մեր մարդակենտրոն ու մարդասիրական առաքելությունն իրագործելու ճանապարհին:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-գնդապետ