ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.02.2018 12:27
ՀՀ Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
Փետրվարի 24-ին Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է հաճախակի փոխայցերը և հույս հայտնել, որ նախարար Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք կարևոր են համարել այդ ոլորտում փոխգործակցությունը և բարեկամ երկու երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը նաև տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում առաջընթաց ու ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից:
Գիորգի Գախարիան Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք, ըստ նրա, ներառում են նաև սահմանամերձ տարածաշրջանները, որտեղ նույնպես կան յուրահատուկ մարտահրավերներ: Նախարար Գախարիայի համոզմամբ, այդ մարտահրավերները միասնաբար ավելի հեշտ կլինի դիմագրավելը: