ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.06.2019 13:03
Համատեղ միջոցառմամբ հայտնաբերվեցին մագաղաթն ու հնաոճ հրացանը
2014 թվականի սեպտեմբերի 5-ին հաղորդվել էր մի քաղաքացու տանը կից սրբատեղիից պատմամշակույթային արժեք ներկայացնող մագաղաթե ձեռագիր-գրքի գողության մասին: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության, ոստիկանության Արմավիրի և Կումայրիի բաժինների հետ համատեղ: Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, հունիսի 8-ին իրավապահները խուզարկություն կատարեցին Գյումրու բնակիչ, 48-ամյա մի տղամարդու տանը: Հայտնաբերվեց 1830 թվականի արտադրության երկփողանի հրացան՝ առանց գործարանային համարի, որը, ըստ տանտիրոջ հայտարարության՝ 10-15 տարի առաջ գնել է անծանոթ քաղաքացուց: Խուզարկության ժամանակ տանտերը ներկայացրեց նաև 951 թ. մագաղաթե ձեռագիր-գիրքը:
Հրացանը փաթեթավորվել, կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: