ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 12:31
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ճանապարհային երթևեկության, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, Ճանապարհային երթևեկության կանոններով և մի շարք այլ իրավական ակտերով:
Ըստ այդ իրավական ակտերով սահմանված կարգավորումների՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հետևաբար նաև կանգառը և կայանումը պետք է իրականացվի ճանապարհի երթևեկելի մասով: Հետևաբար, բոլոր այն վայրերը (հատվածները), որոնք նախատեսված չեն երթևեկության համար, նախատեսված չեն նաև կանգառ կատարելու կամ կայանելու համար: Մասնավորապես, դրանց թվին են դասվում մայթերը, անվտանգության կղզյակները, արգելապատնեշները, աստիճանները, սիզամարգերը, այգիները, տների կամ շենքերի մուտքերը, ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումները և այլն: Կանգառը և կայանումը մայթերին թույլատրվում է բացառապես համապատասխան ճանապարհային նշանների առկայության դեպքում կամ, այլ հնարավորության բացակայության դեպքում, ճանապարհային և կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին, ինչպես նաև անմիջապես մայթերի մոտ տեղակայված առևտրային և այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը: Քաղաքային երթևեկության պայմաններում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները չեն պահում այդ կանոնները, ինչը ոչ միայն խոչընդոտում է հետիոտների երթևեկությանը, այլ նաև վտանգ է հանդիսանում նրանց համար:
Ճանապարհային ոստիկանությունն այս խնդրի լուծման նպատակով մշտապես իրականացնում է հատուկ միջոցառումներ և կրկին կոչ է անում երթևեկության բոլոր մասնակիցներին պահպանել Ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել փոխադարձ հարգանք: