ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2016 11:10
Ձմեռային փուլին անցնելու միջոցառումներ՝ ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 1-ից 15-ը ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հրամանով անցկացվեց մարտական պատրաստականության պլանով նախատեսված սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատեխնիկայի ձմեռային շահագործման անցնելու սեզոնային սպասարկման աշխատանքների ստուգատես:
Նախքան աշխատանքները սկսելը, անձնակազմը երկօրյա դասընթացների ժամանակ կատարելագործեց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Զինծառայողները ծանոթացան անվտանգության կանոններին, դյուրավառ նյութերի հետ աշխատելու ընթացքում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման առանձնահատկություններին:
Անձնակազմին հատկացվեցին տեխնիկայի ձմեռային շահագործմանն անցնելու համար անհրաժեշտ նյութերն ու պահեստամասերը: Տեխսպասարկումն իրականացվեց հրամանատարական կազմի անմիջական հսկողությամբ, անվտանգության և առաջին օգնություն ցուցաբերելու համար բարձր պատրաստականությամբ:
Աշխատանքների ավարտին անցկացվեց տեխնիկայի և սպառազինության ստուգատես, ինչից հետո ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով, այն փոխադրվեց ձմեռային պայմաններում շահագործման:
Ոստիկանության զորքերում ձմեռային փուլին անցնելու միջոցառումները շարունակվում են նաև թիկունքի և կոմունալ շահագործման ծառայությունների մասով:
Կատարվում են զինծառայողների ձմեռային համազգեստի և հանդերձանքի պահեստավորման և հատկացման, շենք-շինությունների, աշխատասենյակների, զորանոցների ջեռուցման աշխատանքներ:
Դեռ օգոստոս ամսից իրականացվում է բնամթերքի ամբարում: Հավաքվել, չորացվել և պահեստավորվել են կանաչեղեն, բույսեր ու դեղաբույսեր, հատապտուղներ, մեղր և չիր: Իսկ բանջարեղենի ու պահածոյացված սննդամթերքի բաշխման աշխատանքն իրականացվում է նոյեմբերից: Նախ բանջարեղենը սահմանված կարգով ընդունվում է ոստիկանության զորքերի պարենային պահեստ, այնուհետև բաշխվում զորամասերին: Տեսակավորման և պահպանման աշխատանքներն իրականացվում են զորամասերում՝ պատասխանատու ղեկավար անձի հսկողությամբ:
Սահմանված պլանի համաձայն՝ սննդամթերքի ամբարման և մթերման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 10-ին: