ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.05.2018 17:29
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. ՀՀ ոստիկանության կողմից անցած մեկ տարի յոթ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվել են ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ծրագրերով, այլ հայեցակարգային փաստաթղթերով, աշխատանքային պլաններով, ինչպես նաև դրանցից դուրս, սակայն ժամանակի պահանջ դարձած միջոցառումներ:
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում իրականացված բարեփոխումների շրջանակներում
- Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնման նպատակով հաշվետու ժամանակահատվածում շահագործման է հանձնվել համայնքային ոստիկանության 4 հենակետ Երևան քաղաքի Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում և Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում: Նախատեսվում է 2018 թվականին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորքի և Էրեբունի վարչական շրջաններում շահագործման հանձնել մեկական համայնքային ոստիկանության հենակետ:
- Տավուշի մարզում հաշվառման քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են:
- Դեռևս 2012 թվականից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում գործում է օպերատիվ կառավարման կենտրոնը, որը տեղեկատվությունը տրամադրում է նաև ԱԻՆ 911 ճգնաժամային կառավարման կենտրոնին: ՀՀ ոստիկանության կանխարգելիչ գործունեության արդյունավետությունն առավել բարձրացելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ մարզերում՝ մասնավորապես 2018 թվականի ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ևս ստեղծել թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ շահագործվող օպերատիվ կառավարման կենտրոններ: Նման կենտրոնները թույլ են տալու իրավախախտումների և հանրորեն վտանգավոր դեպքերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կուտակել մեկ համակարգում, ապահովել դրանց օպերատիվ արձագանքումը, ճիշտ և արդյունավետ կառավարել ոստիկանական ուժերը և միջոցները: Այս միջոցառումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ` Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում:
- Տեղեկատվական շտեմարանների օգտագործմամբ հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությունում ներդրվել է տեղեկատվական միասնական համակարգ՝ ուղղված օպերատիվ գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության թվայնացմանը՝ տեղեկատվական-որոնողական համակարգի, այդ թվում՝ դիմապատկերի միջոցով: Կատարվել են ոստիկանությունում գործող տեղեկատվական շտեմարանների թվայնացման աշխատանքները: Համակարգն ամբողջությամբ փորձարկվել է ՌԴ ՆԳՆ մասնագետների օգնությամբ, այնուհետև՝ գործարկվել: Քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է մասնագիտացված՝ Օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչություն՝ տվյալ համակարգի շահագործման աշխատանքները ոստիկանությունում համակարգելու և վերահսկելու նպատակով:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում
Կազմակերպական ոլորտում.
- Մշակվել և ներդրվել է անձի հանրային ծառայության համարանիշի հիման վրա աշխատող Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների կամավոր (այլընտրանքային) ծանուցման բջջային հավելվածը (և iOS, և Android օպերացիոն համակարգերի համար), ինչպես նաև ստեղծվել է հնարավորություն www.police.am կայքում գրանցվելու և Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական տույժ նշանակելու որոշումների մասին ծանուցումները նաև բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով ստանալու համար:
- Մշակվել և ներդրվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն էլեկտրոնային եղանակով փոստի տեղական բաժանմունքներ առաքելու մեխանիզմների համակարգ: Համակարգը հնարավորություն է տալիս ՀՀ-ում գործող բոլոր փոստային բաժանմունքներում, ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, տեղեկանալ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների համար կայացված որոշումների վերաբերյալ:
Նշված լուծումներով ստեղծվել է եռակի ծանուցման համակարգ:
- Ընդլայնվել են «Թեժ գիծ» ծառայության հնարավորությունները, 1-77 հեռախոսահամարը գրառվել է Ճանապարհային ոստիկանության բոլոր պարեկային տրանսպորտային միջոցների վրա:
- Պիլոտային կարգով ներդրվել է ճանապարհապարեկային 10 ավտոմեքենաներում էլեկտրոնային եղանակով վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համակարգ, որը թույլ է տալիս կրճատել արձանագրություն կազմելու ժամանակը, վարորդին տեղում տրամադրվում է արձանագրության օրինակը և տուգանքի վճարման կտրոնը, որի հիման վրա վարորդի ցանկությամբ տեղում իրականացվում է վճարում:
- Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի տարածքը սպասարկող առաջին սպայական գումարտակի կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որն իրականացնում է հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործառույթ:
- 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և տեսահսկման համակարգերի միջոցով արձանագրված իրավախախտումների գործերով արդեն իսկ կայացվում են որոշումներ, որոնց ծանուցումը իրականացվում է ՀՀ սահմանային անցակետերում՝ սահմանահատման ժամանակ: Այդ նպատակով ստեղծվել են համապատասխան տեխնիկական հնարավորություններ, սահմանային ծառայության կողմից ՃՈ-ին է տրամադրվում համապատասխան տվյալներ ՀՀ ներմուծված տրասպորտային միջոցների և պատասխանատուների վերաբերյալ: Ներկայումս գործում է Բագրատաշենի սահմանային անցակետի ՃՈ խումբը, միևնույն ժամանակ, ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որը ծառայություն կիրականացնի ՀՀ սահմանային բոլոր անցակետերում՝ բացառությամբ օդանավակայանի և երկաթգծի սահմանային կետերի:
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման և կարգավորման ոլորտում.
- Ստեղծվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերով հետևելու հնարավորություն:
- Ներդրվել է ՃՏՊ-ի մասնակից՝ վնասված տրանսպորտային միջոցները պատահարի վայրից տարհանելու միասնական համակարգ, տարհանման ծառայությունը գնելու եղանակով:
- Երևան քաղաքում տեղադրված լրացուցիչ սեկցիա ունեցող լուսացույցների եզրերը նշվել են մշտապես վառված վիճակում գտնվող լույսերով:
- Մայրաքաղաքի խաչմերուկներում վերանայվել է երթևեկության կազմակերպման կարգը, որպեսզի խաչմերուկ մուտք գործող երթևեկության գոտիների քանակը չգերազանցի դուրս եկող գոտիների քանակին:
- Մայրաքաղաքի երթևեկությունը կազմակերպվել է այնպես, որ ձախ շրջադարձը և հետադարձը կատարվի միջանկյալ գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
- Մայրաքաղաքի շրջանաձև երթևեկությամբ բոլոր խաչմերուկներում երթևեկությունը կազմակերպվել է այնպես, որ նման խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցների վարորդներն ունենան երթևեկության առավելություն խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ:
- Մայրաքաղաքի ցածր ինտենսիվությամբ երթևեկություն ունեցող խաչմերուկներում լուսացույցների փոխարեն բոլոր կողմերից տեղադրվել են «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ, ինչը հնարավորություն է տալիս հատող ճանապարհներով այլ տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում առանց լուսացուցային կարգավորման հատել խաչմերուկը:
- Երևան քաղաքի խաչմերուկների լրացուցիչ սեկցիա ունեցող թվով 25 լուսացույցներ փոխարինվել են Տ.2 տիպի՝ երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքներով լուսացույցներով:
- Երևան քաղաքի խաչմերուկներում միևնույն ուղղության 3 և ավելի գոտի ունեցող ճանապարհներին տեղադրված 147 լուսացույցներ տեղափոխվել կամ՝ ուղղակի տեղադրվել են երթևեկելի մասի վերևում:
- Մայրաքաղաքի ճանապարհների վրա առկա 10 չկարգավորվող հետիոտնային անցում ապամոնտաժվել է, իսկ 16 չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում երթևեկելի մասը բարձրացվել է 10 սմ-ով՝ կահավորվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Նշված փոփոխությունները հնարավորություն են տալիս վերահսկել վթարայնության վիճակը, էականորեն նվազեցնել, իսկ որոշ դեպքերում՝ բացառել նախկինում առաջացող խցանումներն ու կուտակումները, ինչպես նաև ապահովել հետիոտների անվտանգությունը:
3. ՀՀ ոստիկանության իրավաստեղծ աշխատանքների ոլորտում
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության կողմից նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի շրջանառության արդյունքում ընդունվել է 11 օրենք, 76 կառավարության որոշում, ՀՀ նախագահի 2 հրամանագիր, ինչպես նաև վավերացվել են 4 միջազգային պայմանագրեր:
Ոստիկանության օրենսդրական նախաձեռնություններից հատկանշական են հետևյալները.
1) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված մի շարք փոփոխությունների ու լրացումների արդյունքում ոստիկանությանն իրավունք վերապահվեց ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների արդյունավետ բացահայտման, դրանք կատարած անձանց հայտնաբերման նպատակով իրականացնելու կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ:
Բացի այդ, հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահվեց օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Լրացումների արդյունքում օրենքի մակարդակով ամրագրվեցին տեխնիկական միջոցների օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, ապահովվեց տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, այսինքն` հստակեցվեցին մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները:
2) Օրենսդրական փոփոխությունների արդյունքում թմրամիջոցների չափերը կսահմանվեն ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ, որի շնորհիվ ոստիկանությունն ավելի արագ կարձագանքի նոր տեսակի «սփայսերի» և այլ «փափուկ» թմրամիջոցների հանցավոր շրջանառությանը: Թմրամիջոցների չափերը սահմանելիս, հաշվի առնելով միջազգային փորձը, հիմք կընդունվի չափահաս, առողջ մարդու օրգանիզմի վրա դրանց հոգեներգործության աստիճանը, ինչը լիովին բխում է իրավական որոշակիության սահմանադրական պահանջի անհրաժեշտությունից:
3) ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» որոշումը, որով կանոնակարգվում են ոստիկանության կողմից հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և ընթացք տալու հետ կապված հարաբերությունները, իրավական հիմքեր են ստեղծվում 2020 թվականից հաղորդումներն էլեկտրոնային տարբերակով գրառելու համար, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու նաև էլեկտրոնային եղանակով, նախատեսվում են նաև քաղաքացիների իրավական իրազեկմանը նպաստող մեխանիզմներ:
4) ՀՀ կառավարության կողմից հավանություն է տրվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատվել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
5) Բացառապես նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների համար նախատեսված վարչական պատասխանատվությունը վերացվել է: Վերացվել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված վարչական տուգանքը վճարելու ժամկետները խախտելու դեպքերում՝ 25-ից 50 տոկոս ավել տուժանքները:
6) Օրենսդրական փոփոխության արդյունքում տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ նախկին 30 օրվա փոխարեն:
7) Ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը, որով բարձրացել է նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:
8) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, որով նախատեսվում է մոպեդների պետական գրանցման ինստիտուտի ներդրում:
9) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում վերացվել է ՀՀ քաղաքացիների կողմից երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը և այն չկատարելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:
10) ՀՀ քաղաքացիներին անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) ՀՀ ոստիկանությունում լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին լինելու դեպքում նախատեսվել է դրանք անձի բնակվելու (գտնվելու) վայրում իրականացնելու հնարավորություն՝ անձի ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից զրկված լինելու, հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու հանգամանքով պայմանավորված:
11) Ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողների համար, որպես սոցիալական երաշխիք, սահմանվել է ուսման ողջ ժամանակահատվածում վարձատրություն ստանալու իրավունք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
12) ՀՀ կառավարության կողմից հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2018 թվականի միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին:
13) Հաստատման են ներկայացվել մի շարք միջազգային պայմանգրեր, մասնավորապես՝
- 19.10.2016թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին» արձանագրությունը,
- 25.10.2016թ. վավերացվել է «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» Համաձայնագիրը,
- 27.10.2016թ. վավերացվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը,
- 06.10.2017թ. վավերացվել է «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը: