ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2016 10:47
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2015 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ
ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Օտարերկրացիների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և նպաստել անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետությանը: ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ ՀՀ քաղաքացիների` ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերությունները օրենքով կանոնակարգելու նպատակով 2015 թվականի ընթացքում մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ծրագրով սահմանված ժամկետներում նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի որպես ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք գերակա խնդիր սահմանված էր Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը, ինչը ենթադրում էր համայնքային ոստիկանության 6 հենակետի ստեղծում, անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված աշխատանքների իրականացում, համայնքային խորհուրդների ստեղծում, ինչպես նաև համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում:
Նշված խնդրի իրականացման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից 2015 թվականի ընթացքում կատարվել է մեծածավալ աշխատանք, ինչի արդյունքում 5 հենակետի կառուցման աշխատանքներն ավարտված են, 1 հենակետի կառուցումը շուտով կավարտվի, իսկ ևս 2 հենակետի կառուցման ուղղությամբ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մասնավորապես, ավարտվել են Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում, Էջմիածին քաղաքի Վաղարշապատի, Սյունիքի մարզի Կապանի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազումի ոստիկանության բաժինների համայնքային ոստիկանության համար կառուցվող հենակետերի շինարարական աշխատանքները: Ավարտական փուլում են գտնվում Երևանի Ավան համայնքում կառուցվող հենակետի շինարարական աշխատանքները: Գյումրի քաղաքում Կումայրիի և Վանաձոր քաղաքի Տարոնի ոստիկանության բաժինների համայնքային ոստիկանության հենակետերի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են:
Հենակետերի համար անհրաժեշտ գույքի, համակարգչային և կենցաղային տեխնիկայի մի մասը ձեռք է բերվել, այդ թվում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, իսկ մյուս մասը նախատեսվում է ձեռք բերել 2016 թվականին:
ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններում անցկացվել են համայնքային ոստիկանության ծառայողների համար մասնագիտական դասընթացներ, իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սահմանված կարգով վերապատրաստվել է համայնքային ոստիկանության 29 ծառայող:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում համայնքային ոստիկանության կողմից սպասարկվող բոլոր տեղամասերում ստեղծվել և գործում են համայնքային խորհուրդներ:
Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնմանն ուղղված աշխատանքները շարունակվելու են նաև 2016 թվականին:
2015 թվականի գերակա խնդիրների շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են նաև Կոտայքի մարզի Հաշվառման քննական ստորաբաժանման կապիտալ վերանորոգման, ինչպես նաև Տավուշի մարզի Հաշվառման քննական ստորաբաժանման վերակառուցմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
2015 թվականի հոկտեմբերի 21-ին շահագործման են հանձնվել Կոտայքի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանման վերանորագված վարչական շենքը և քննական ավտոդրոմը, ինչը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացն իրականացնել «հոսքագծի» եղանակով:
Տավուշի մարզում Հաշվառման քննական ստորաբաժանման վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցման նպատակով իրականացվել են անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները, հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ 27.11.15թ. կնքվել է պայմանագիր, նախապատրաստական աշխատանքներ են տարվում շինարարական աշխատանքները սկսելու ուղղությամբ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ