ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.12.2015 15:07
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
 
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի գլխավորած պատվիրակությանը: 
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը կարևորեց երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը, ընդգծելով, որ 2012 թվականին ստորագրված փոխգործակցության պայմանագիրն իրագործվում է ողջ ծավալով, սակայն կան աշխատանքն ավելի սերտացնելու բոլոր հնարավորությունները: 
Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով անվտանգության ապահովման մակարդակը Հայաստանում, համոզմունք հայտնեց, որ գործընկերությունը կշարունակվի, նաև՝ Հայաստանի ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ավանդական գործակցության խորացման շնորհիվ: 
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հայ-իրանական ոստիկանական համագործակցությունը ոչ միայն ավանդական է, այլև շարունակական, և այս պահին էլ Թեհրանում է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը:
Ոստիկանության պետը կարևորեց գործընկեր կառույցների հարաբերությունների խորացումը փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման ուղղությամբ: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 






 
   
		





















































