ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2014 19:23
ՀՀ ոստիկանության պետի մարզային այցելությունները շարունակվում են. հերթականը Սյունիքի մարզն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 13-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզում էր:
Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:
Նշելով, որ ամեն ինչ արվում է նախկին իրավապահ համակարգի լավագույն ավանդույթները նոր սկզբունքներին շաղախելու համար՝ սստիկանության պետը կարևորեց յուրաքանչյուր ծառայողի անձնական պատախանատվության խնդիրը նոր ոստիկանության կազմավորման գործում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկան անցյալում է և այլևս չի հանդուրժվելու, իսկ հանցագործությունների բացահայտման գործում առաջնայինը ոստիկանի պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների, հմտության ամենօրյա կատարելագործումն է:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը բարելավելու ուղղությումբ՝ նկատի ունենալով, որ այդ ստորաբաժանումները շփման ամենամեծ մակերեսն ունեն հանրության հետ, և առաջին հերթին նրանց գործունեությամբ է պայմանավորված հանրության վերաբերմունքը ոստիկանության հանդեպ:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը նշեց, որ այցելությունները մարզային ստորաբաժանումներ լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական արդյունքներ:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը կարևորեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության գործունեության մեջ առանձնացրեց անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ նշելով, որ հենց այդ առաջնահերթությամբ է պայմանավորված ոստիկանության անչափահասների գործերով բաժնի վերակազմավորումը ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների գործերով վարչության:
Ոստիկանության պետը անչափահասների հիմնախնդիրն առնչելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին կոչ արեց օգտագործել իրենց դիրքն ու հեղինակությունը, որպեսզի տներում անօրինական զենք և զինամթերք չպահվեն և մարդիկ զերծ մնան ամեն տեսակ փորձանքներից:
Կարևորելով Սյունիքի մարզի նշանակությունը հանրապետության համար՝ Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց անզիջում լինել արատավոր երևույթների հանդեպ, սերտորեն գործակցել ոստիկանության հետ՝ իրենց օրենքից վեր դասողների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, բռնությունների, զենքի կիրառման և այլ հանցավոր դրսևորումների դեմ պայքարում:
Հանդիպումն ավարտվեց ոստիկանության և համայնքների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների գործնական քննարկումով: