ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2013 17:00
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքը զետեղված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում):
Կոլեգիայի նիստը, որին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Վլադիմիր Գասպարյանը նիստի սկզբում մասնակիցներին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Անուբախ Համբարյանին, Սամվել Հովհաննիսյանին և Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանին:
Անցնելով կոլեգիայի նիստի օրակարգին՝ ոստիկանության պետը մատնանշեց աշխատանքների ձևաչափն ու խնդիրները:
Հաշվետու ժամանակահատվածի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հակիրճ զեկույցներով հանդես եկան ոստիկանության ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարները:
Բարձրացված խնդիրների առարկայական քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով առկա թերացումներն ու բացթողումները` ամփոփեց կատարված աշխատանքի ընդհանուր պատկերը:
Կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներին:
Նիստից հետո տեղի ունեցավ վաստակած հանգստի անցնող՝ ոստիկանության պետի նախկին տեղակալներ, ոստիկանության գեներալ-լեյտենանտներ Հովհաննես Հունանյանի և Սաշա Աֆյանի գնահատանքի և մեծարման արարողությունը, որի ընթացքում հրապարակվեցին ոստիկանության պետի ուղերձները, երախտագիտության ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղվեցին վաստակաշատ իրավապահներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Սաշա Աֆյանը պարգևատրվեց «Մարտական զորակցության», իսկ Հովհաննես Հունանյանը՝ «Սխրագործության համար» մեդալներով:
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով «Սխրագործության համար» մեդալով պարգևատրվեց ոստիկանության Սիսիանի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, ով օրերս վտանգելով իր կյանքը՝ փրկել էր 17-ամյա Սոնա Հակոբյանին:
Պարգևատրումից հետո ցուցադրվեց գեներալների գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Հանդիսությունն ավարտվեց համերգով:
***
Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ ոստիկանությունների միավորված կոլեգիայի նիստը, որը բացեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ ոստիկանական երկու կառույցները, ինչպես և նախանշված էր, համագործակցությունից անցնում են համատեղ աշխատանքի, որի առաջին քայլը կոլեգիայի այս նիստն է:
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանն իր ելույթում անդրադարձավ օրակարգի առաջին հարցին՝ կադրերի պատրաստման և վերապատրաստման հրատապ խնդրին՝ ակնկալելով Հայաստանի ոստիկանության աջակցությունը:
ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը ներակայացրեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նշելով, որ 2010-2013 թթ. ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսանել են ԼՂՀ ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբի 73 ծառայողներ:
Օրակարգի այս հարցի շուրջ արվեցին գործնական առաջարկներ կադրերի ոլորտում համատեղ աշխատանքի հետագա կանոնակարգման, փորձի փոխանակման, փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ:
Կոլեգիայի նիստի օրակարգի երկրորդ հարցի՝ օպերատիվ ծառայությունների աշխատանքի կազմակերպման և ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ տվեց ոլորտի պատասխանատուներին:
Քննարկվեցին նաև 2014 թ. միավորված կոլեգիայի կազմակերպման և օրակարգի հարցերը:
Օրակարգի հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ և տրվեցին հանձնարարականներ:
Նիստի ավարտին ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեց «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով պարգևների արժանացան նաև ԼՂՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան սպաներ: