ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2012 01:52
Հերթափոխային պարեկում կիրականացնի նաև համայնքային ոստիկանությունը
Վաղը կրկին կհնչի դպրոցական զանգը, եւ հանրապետության ուսումնական հաստատությունները դարձյալ կլցվեն աշխույժով. Գիտելիքի օրը կազդարարի Գիտելիքի նոր տարվա մեկնարկը:Ուսումնական տարվա սկիզբն իսկապես տոն է, որ մեզ հետ է միշտ, սակայն տոնը նաեւ իր խնդիրներն է բերում, որոնց մի մասի լուծումը վերապահված է ոստիկանությանը:Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով` նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանմանն ու երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներն այս տարի կտեւեն ոչ թե տասը օր, ինչպես նախորդ տարիներին, այլ մեկ ամիս:Ոստիկանության պետի որոշումը պայմանավորված է ոչ միայն աշակերտների անվտանգության ապահովման, այլեւ ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդման, երեխաների եւ մեծահասակների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությամբ:Ամառն անցավ, եւ սեպտեմբերյան ռիթմին պետք է վերստին վարժվեն ոչ միայն աշակերտները, այլեւ ծնողները, տատիկներն ու պապիկները, բոլոր նրանք, ովքեր երեխաներին դպրոց են տանում:Տարաբնույթ խնդիրներ են ծագում դպրոցի ճանապարհին. տրանսպորտային հոծ երթեւեկություն, դպրոցներից հեռու գտնվող անցումներ, ստորգետնյա կամ վերգետնյա անցուղիների բացակայություն եւ այլն: Այս ամենն, իհարկե, ռիսկային իրավիճակ է ստեղծում, ու հենց այստեղ է, որ պիտի գործի դրվեն ոստիկանի հմտությունները:Վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, ոստիկանության պետի հրահանգի համաձայն, այսուհետ դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:Միամսյակի ընթացքում դպրոցների մոտ ծառայություն իրականացնող պարեկախմբերը կարգավորելու են ծնողների ու երեխաների տեղաշարժը, թույլ չեն տալու, որ մարդկանց ու մեքենաների կուտակումներ առաջանան, համակարգելով երթեւեկությունը` օգնելու են, որ ուղեկցողներն ու երեխաները անվթար ու անվտանգ հատեն դպրոցամերձ բանուկ ճանապարհամասը:Դպրոցների մոտ կպարեկեն կայուն վերակարգեր, ինչը ոստիկաններին ոչ միայն հնարավորություն կտա տիրապետել տվյալ տարածքում ու ժամանակահատվածում երթեւեկության ինտենսիվությանն ու առանձնահատկություններին, այլեւ անձամբ ճանաչել ե՛ւ երեխաներին, ե՛ւ նրանց դպրոց ուղեկցող մեծահասակներին, ե՛ւ ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխայի եւ որեւէ անծանոթի շփման ռիսկերը, իսկ երթեւեկի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումը կվերաճի ընդհանրապես երեխաների անվտանգության պահպանման գործընթացի:Համաձայն ոստիկանության պետի ցուցումի` մայրաքաղաքի բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ եւ չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ եւ օժանդակությամբ:Միամսյակի շրջանակներում եւ ողջ ուսումնական տարվա ընթացքում, ոստիկանության պետի ցուցումով, անչափահասների գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների ու մանկավարժների հետ, երթեւեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար: Սակայն երեխաների անվտանգության ապահովման գործընթացը միայն երթեւեկության կանոնների պահպանմամբ եւ ոստիկանների ու մանկավարժների համագործակցությամբ չի սահմանափակվում: Անչափահասին հնարավոր վտանգներից զերծ պահելու համար անհրաժեշտ է, որ գործընթացներին լիարժեք ու ամենայն պատասխանատվությամբ մասնակցեն ծնողները:Երեխայի հետ պետք է ամեն օր խոսել անվտանգության կանոնների մասին: Երեխան պետք է հստակ իմանա, թե իրեն ինչպես պիտի պահի փողոցում, դպրոցում, բակում, շքամուտքում, վերելակում կամ տանը, եթե մենակ է: Երեխաները պարտավոր են իմանալ, որ փողոցում չի կարելի խոսքի բռնվել անծանոթի հետ, առավել եւս` նրա հետ որեւէ տեղ գնալ: Շատ կարեւոր է, որ երեխան փողոցում իր հետ պատահած ցանկացած դեպքի մասին տեղյակ պահի ծնողին կամ ուսուցչին: Մեծերն անպայման պետք է իմանան կրտսերի գտնվելու վայրի ու զբաղմունքի մասին:Ծնողներին կոչ ենք անում երեխաներին չտալ թանկարժեք իրեր՝ բջջային հեռախոսներ կամ ոսկյա զարդեր: Հակառակ դեպքում երեխան թիրախ է դառնում հանցագործի համար:Զգուշացրեք ձեր երեխային, որ աշխատի քայլել մարդաշատ վայրերով: Իսկ եթե նկատում է կասկածելի մեկին, ով, հնարավոր է, հետեւում է իրեն կամ վտանգ է ներկայացնում, ապա պետք է անհապաղ դիմի տարածքում ծառայություն կատարող ոստիկանին կամ որեւէ այլ մեծահասակի:Այս բոլոր գրված ու չգրված օրենքներն ու «չի կարելի»-ները կօգնեն ապահովել երեխայի անվտանգությունը: Ավելին` ծնողների անկեղծությունն ու մտերմությունը երեխաների հետ, ճիշտ ու ժամանակին ասված խոսքն ու խելացի խորհուրդը անպայման կնպաստեն, որ այսօրվա դեռահասը վաղը դառնա օրինապահ եւ օրենքով պաշտպանված քաղաքացի: