ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2017 18:33
«Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստորաբաժանումների ՀՀ ու ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման մասնակցությամբ:
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի հատուկ ուժերի կազմում ընդգրկված էին նաև ՌԴ Ազգային Գվարդիայի և ՆԳ նախարարության, Ղազախստանի Հանրապետության Ազգային գվարդիայի, Բելոռուսի ներքին զորքերի, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ներկայացնում էր ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ստորաբաժանումը:
ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի զորավարժությունն անցկացվեց «Մարշալ Բաղրամյան» զինավարժարանում:
Ամփոփիչ փուլին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբների պետերը, ոստիկանության պետը, արտակարգ իրավիճակների նախարարը, այլ պաշտոնատար անձինք:
Զորավարժությանը դիտորդական առաքելությամբ ներկա էին ՀԱՊԿ անդամ-պետությունների դեսպանները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Վարժանքների սցենարով՝ տեղեկատվություն է ստացվում, որ անօրինական զինված կազմավորումը պատանդներ է վերցրել ու տեղակայվել բնակավայրից ոչ հեռու գտնվող երեք հարկանի շինության մեջ:
ՀՀ ոստիկանության և ՌԴ Ազգային գվարդիայի Հատուկ նշանակության ստորաբաժանումներին խնդիր է առաջադրվում՝ ազատել պատանդներին և վնասազերծել անօրինական զինված խմբավորումը:
Անօրինական զինված խմբի վնասազերծմանը հաջորդում են ոստիկանության, բժշկական և տեխնիկական ծառայությունների համապատասխան գործողությունները:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությունը ևս մեկ կարևոր քայլ էր ինչպես արագ արձագանքման ուժերի համակարգման, այնպես էլ կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: