ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2012 14:24
Հանուն երեխաների անվտանգության
Յուրաքանչյուր ուսումնական տարեսկիզբ ոստիկանության համար յուրօրինակ քննություն է: Այս տարի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հանրապետության ողջ տարածքում մեկ ամիս իրականացվեց ուժեղացված ծառայություն, միջոցառումների մի ամբողջ շարք:
Այսօր արդեն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ միամսյա ուժեղացված ծառայությունը ոստիկանությունն իրականացրել է ավելի քան արդյունավետ` արձանագրելով զրո պատահար` աննախադեպ ցուցանիշ:
«Զգուշացեք, երեխաներ են» ծրագրի նախապատրաստական փուլն սկսվեց օգոստոսի 14-ից: Նախորդ տարիների համեմատ տարբերությունն այն էր, որ ոստիկանության պետի ցուցումով միջոցառումն իրականացվելու էր ոչ թե տասը օր, այլ ողջ սեպտեմբեր ամսին: Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ` Ճանապարհային ոստիկանությունն ուսումնասիրեց մայրաքաղաքի դպրոցների, մարզերում` ճանապարհամերձ դպրոցների տարածքները: Նպատակը առկա բոլոր թերությունները հայտնաբերելն էր, վերացնելը, բացակայող ճանապարհային նշաններ տեղադրելը, անհրաժեշտ գծանշումներ կատարելը: Հատկապես կարեւորվել էր դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ժամանակ նախատեսվող միջոցառումների քննարկումը, նաեւ նրանց առաջարկները հաշվի առնելով` ոստիկանության ծառայության նորովի եւ առավել արդյունավետ կազմակերպումը: Դպրոցամերձ հատվածներում ծառայություն իրականացնող վերակարգերում, բացի ճանապարհային ոստիկանությունից, ընդգրկվեցին համայնքային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Եվս մեկ հատկանշական տարբերություն, որով առանձնացավ այս տարվա ծավալուն միջոցառումը: Ոստիկանության պետը ծառայությունների պետերի հետ անցկացրած խորհրդակցություններում առանձնակի կարեւորում էր ծնողների պատասխանատվության բարձրացման եւ նրանց լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը անչափահասներին հնարավոր վտանգներից զերծ պահելու գործում: Զգալի աշխատանք կատարվեց նաեւ այս ուղղությամբ:
Այո, ծնողները պետք է մշտապես ուշադիր լինեն դեռահասների նկատմամբ. երեխայի հետ ամեն օր խոսեն անվտանգության կանոնների մասին, բացատրեն, թե ինչպես պետք է իրեն պահի փողոցում, դպրոցում, բակում: Որ չի կարելի խոսքի բռնվել անծանոթների հետ, առավել եւս` հետները ինչ-որ տեղ գնալ: Չափազանց կարեւոր է, որ երեխան իր հետ կատարված ցանկացած դեպքի մասին տեղյակ պահի ծնողին կամ ուսուցչին, իսկ նրանք էլ հասկանան, որ ոստիկանության միջոցառումները լիարժեք ու արդյունավետ չեն կարող լինել, եթե փոխօգնության կարեւորությունը չի գնահատվում երկուստեք:
Այսօր արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ ոստիկանության հորդորները ոչ միայն տեղին էին, այլեւ ընկալվեցին ու ընդունվեցին հասարակության կողմից: Նաեւ սրանով է պայմանավորված, որ լարված ծառայությունը դրական արդյունքներ արձանագրեց:
Եվ այսպես, սեպտեմբերին ոստիկանության վերակարգերը պատշաճ ծառայություն են իրականացրել հանրապետության բոլոր դպրոցների եւ ուսումնական մյուս հաստատությունների մոտ: Արդյունքում` ոչ մի պատահար, դեպք` անչահասների մասնակցությամբ:
Ոստիկանությունը հաստատակամ է իրագործելու որդեգրած սկզբունքները: Երեխաների անվտանգության ապահովմանը միտված մեկամսյա միջոցառումների ավարտը բնավ չի նշանակում, որ ոստիկանները թուլացնելու են աչալրջությունը. հակառակը` նույնը ակնկալում են նաեւ ծնողներից ու մանկավարժներից: