ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.09.2014 16:45
Հանդիպում լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի մամլո ասուլիսը:
Աշոտ Կարապետյանը նախ լրագրողներին ներկայացրեց ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների 2014 թ. ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքը: Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 5334 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 238-ով պակաս: Բացահայտվել է 3606 դեպք:
Արձանագրվել է սպանության 12 դեպք, որոնցից բացահայտվել է 9-ը: Չբացահայտված երեք դեպքերից երկուսը անհայտ կորածներով հարուցված քրեական գործեր են: Արձանագրված սպանության փորձի հինգ դեպքերից բացահայտվել է երեքը:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու 346 դեպք. բացահայտվել է 293-ը:
Ոստիկանության Երեւան քաղաքի կայազորի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 88 միավոր հրազեն, 102 նռնակ եւ 16149 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:
Ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Տարված աշխատանքների արդյունքում 2014 թ. ութ ամիսներին բացահայտվել է 252 դեպք:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարված միջոցառումների արդյունքում` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 6-ով նվազել են ավազակային հարձակման եւ 29-ով` գողության դեպքերը: Արձանագրված ավազակային հարձակման 32 դեպքերից 20-ը բացահայտվել է: 152 դեպքով նվազել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, փոխարենը 123-ով աճել են բնակարանային գողությունները:
Իրականացվող շուրջօրյա ծառայությունների արդյունքում նվազել են նաեւ տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը, իսկ արձանագրված դեպքերը բացահայտվել են ամբողջությամբ:
Աշոտ Կարապետյանը նշեց, որ ոստիկանության առջեւ դրված առաջնային խնդիրներից է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը: Այսպես` 2014 թ. ութ ամիսներին բացահայտվել է նախկինում կատարված 518 հանցագործություն, ընդ որում` դրանցից 187-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով:
Աշոտ Կարապետյանն ընդգծեց` ոստիկանության գործառույթների հիմքում օրինականության ապահովումն է, հասարակական կարգի պատշաճ պահպանումը, քաղաքացիների շահերի եւ իրավունքների պաշտպանությունը:
Աշոտ Կարապետյանը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: