ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2013 21:16
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՀԵՏ
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Հիշեցնելով գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանապարհով լուծելու մտայնությունից, և գյուղապետերին կոչ արեց սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլև գործնականում օգնել դրանց լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գյուղապետերին հուզող այլ հարցեր ևս, որոնց լուծման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Հանդիպումից հետո Վլադիմիր Գասպարյանն առանձնազրույց ունեցավ գյուղապետերի հետ, մանրամասն ծանոթացավ համայնքների հիմնահարցերին և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու դրանց կարգավորմանը: