ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.03.2016 18:34
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին եւ Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանին:
Ոստիկանության պետն անդրադարձավ համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին եւ այդ համատեքստում կարեւորեց կադրերի ընտրության, մասնագիտական ու մարդկային որակների օբյեկտիվ գնահատման խնդիրը:
Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերի կադրային փոփոխությունների ու տեղաշարժերի օրինակով կրկին հիշեցրեց ոստիկանության ղեկավարության քաղաքականության ռազմավարական ուղղությունները եւ այն խնդիրները, որոնք իրականացվում են բարեփոխումների ծրագրի շրջանակում:
Կարեւորելով ոստիկանության ծառայողի մասնագիտական պատրաստականությունը, աշխատանքային կարգապահության բարձր մակարդակի անհրաժեշտությունը՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ ոստիկանի ծառայության հիմքում առաջին հերթին բարոյական որակներն են, եւ հավաստեց, որ ոստիկանության ղեկավարությունը միշտ նման ծառայողների կողքին է:
Վլադիմիր Գասպարյանն անձնակազմից պահանջեց բացառել ոստիկանին ու ոստիկանությանն արատավորող ցանկացած երեւույթ, անհանդուրժող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց վարքով ու գործողություններով հակադրվում են «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» հիմնարար սկզբունքի կենսագործմանը:
Ոստիկանության պետը անդրադարձավ նաեւ հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների գործունեության, անչափահասների հետ տարվող աշխատանքների, երիտասարդ կադրերի ու փորձառու ծառայողների համագործակցության եւ մի շարք այլ խնդիրների:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: