ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2019 18:11
Ծեծել էին 80-ամյա կնոջն ու փող և ոսկի հափշտակել․ Շիրակի ոստիկանները բացահայտել են ավազակությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գյումրու Կամոյի փողոցի իր տնից մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 80-ամյա մի կին։ Այս կապակցությամբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Մուշի բաժնում։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տուժածը հայտնել էր, որ գիշերը դիմակավորված երկու անձ բացել են տան դուռը, մտել ներս, ծեծել իրեն և փող ու ոսկի հափշտակել։ Նրանից հաղորդում էր ընդունվել, տարածքային նախաքննական մարմնում էլ քրեական գործ հարուցվել՝ ավազակության հատկանիշներով։ Հանցագործության հանգամանքները պարզելու և բացահայտելու նպատակով սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Մուշի ոստիկանների միջոցառումներին միացան նաև Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի գործընկերները։ Դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին փաստերով։ Ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված 28 և 26-ամյա գյումրեցիները հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։