ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.06.2015 12:06
Խոսք հիշատակի. ԻՇԽԱՆ ՂԱԶԻՆՅԱՆ
Կյանքից հեռացավ պաշտոնաթող գեներալ-մայոր Իշխան Ղազինյանը: Մարդ, ում կենսագրությունը սերտորեն կապված է ներքին գործերի համակարգի հետ, ով իր գործունեությամբ անուրանալի ներդրում է ունեցել հասարակական կարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարի, կադրերի պատրաստման, ժամանակի հրամայականը կյանքի կոչելու գործում: Լինելով պետական մտածողությամբ օժտված մարդ, սկզբունքային սպա ու հմուտ ղեկավար՝ Իշխան Ղազինյանը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն ներքին գործերի համակարգում, այլեւ պետական կառավարման մարմիններում:
Ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 20-ին, Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում: Ներքին գործերի համակարգում քառասուն տարիների ծառայության սկիզբը դրվեց 1944 թվականին, երբ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, որպես միլիցիոներ, աշխատանքի անցավ Երեւանի միլիցիայի 7-րդ բաժանմունքում: Նույն տարին ընդունվում է ԽՍՀՄ ՆԳՆ Երեւանի միլիցիայի դպրոց, որը գերազանցությամբ ավարտելուց հետո նշանակվում է դպրոցի դասընթացների պետ, այնուհետեւ՝ հատուկ առարկաների դասախոս: Միաժամանակ սովորում է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում:
1955 թվականից անցնում է գործնական ծառայության՝ օպերլիազոր, ավագ տեսուչ, միլիցիայի 7-րդ բաժանմունքի պետ, Միկոյանի շրջանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, Կիրովյան, այնուհետեւ՝ Սպանդարյան շրջանի ՆԳ բաժնի պետ: 1962-1974 թթ. Երեւանի միլիցիայի վարչության պետի տեղակալն էր, 1975-ից մինչեւ 1984 թվականը՝ ներքին գործերի նախարարի տեղակալը:
Սա է Իշխան Ղազինյանի անցած ուղու համառոտ նկարագիրը, ճանապարհ, որ լի էր փորձություններով, ձեռքբերումներով, հաղթանակներով:
Ճանապարհ, որ պատվախնդիր սպան անցավ արժանապատվորեն՝ իր մասին թողնելով պայծառ հիշողություն:
Իշխան Ղազինյանի հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:
ՀՀ ոստիկանության կոլեգիա
Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ