Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2014 10:18
Խորհրդարանական լսումներ «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով:
Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը նշեց, որ թեման կարեւորվում է ոստիկանության գործունեության կարեւորագույն սկզբունքների` թափանցիկության, հաշվետվողականության, խորհրդարան-ոստիկանություն գործնական հարաբերությունների խորացման, ինչպես եւ խորհրդարանական վերահսկողության հետագա ամրապնդման համատեքստում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց բարեփոխումների շրջանակում ոստիկանության գործունեության հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացման տարվող աշխատանքի արդյունքները:
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, նույնպես անդրադառնալով ՀՀ ոստիկանության հաշվետվողականության հարցին, թափանցիկությանն ու խորհրդարանական վերահսկողությանը, նշեց, որ ուժային կառույցներից ոստիկանությունն է, որ ամենամոտն է կանգնած քաղաքացուն, եւ քաղաքացին ոստիկանությունով է գնահատում պետությունը: Պատգամավորն առաջարկեց իրականացնել հանրային վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ, օրենքի մակարդակով ամրագրել կամ ավելի ուժեղացնել ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերությունների մոդելը, աշխատել հասարակության հետ եւ բարձրացնել նրա իրավագիտակցությունը:
Խնդրի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
ԵԱՀԿ փորձագետ Թորստեն Ստոդիեկն իր զեկույցով հորդորեց, որ քաղաքացիական հասարակությունն ու վերահսկողական մարմինները ոստիկանության հետ ավելի դինամիկ համագործակցություն ծավալեն` համակարգում առկա խնդիրներն ավելի շատ վերհանելու եւ դրանց համար լուծումներ առաջարկելու համար:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Սլավիշա Ժեկիչն էլ առաջարկեց համակարգում առկա խնդիրների լուծման համար սերտ համագործակցել զանգվածային լրատվամիջոցների, քաղաքական եւ հասարակական կառույցների հետ:
«Ոստիկանության թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը»
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի զեկույցը խորհրդարանական լսումներում
Ձեւավորվող նոր հասարակական հարաբերությունները ոստիկանությանը նոր խնդիրներ առաջադրեցին՝ արմատապես փոխել գաղափարախոսությունն ու գործելաոճը, նոր որակ հաղորդել իրականացվող աշխատանքներին՝ գերխնդիր դարձնելով մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Այս նպատակների իրականացման համար անհրաժեշտ էր ոստիկանական գործունեության բոլոր ոլորտներում իրականացնել համակարգային արմատական փոփոխություններ՝ ոստիկանության գործունեությունը դարձնելով առավել թափանցիկ: Բարեփոխումների տրամաբանությունը ուղղված էր հիմնովին փոխելու ոստիկանության գործունեության սկզբունքները, ձեւավորելու ոստիկանի նոր կերպարը, հանրության շրջանում բարձրացնելու ոստիկանության հանդեպ վստահությունը:
Ժողովրդավարական հասարակություններում ոստիկանությունը հաշվետու է պետության եւ հասարակության առջեւ, ինչը ոչ պակաս կարեւոր է հենց ոստիկանության համար, որի գործունեության պատվիրատուն հարկատուն է՝ այսինքն ՀՀ քաղաքացին: Դրա վառ ապացույցն էր վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած 2015թ. բյուջեի նախագծի քննարկումները, որում արտացոլված էր ծրագրային բյուջետավորման գաղափարը:
Այսօրվա քննարկման թեմայում ներառվող երեք հասկացությունները՝ հաշվետվողականություն, թափանցիկություն եւ վերահսկողություն, պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն:
Ոստիկանությունը մշտապես հաշվետու է իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններին (ՀՀ Նախագահ, ՀՀ Կառավարություն, ԱԺ), որոնց պարբերաբար հաշվետվությունների ձեւով ներկայացվում է բազմաբնույթ տեղեկատվություն իրականացված աշխատանքների, օրենսդրական ակտերի եւ ծրագրերի կատարման վերաբերյալ: Այդ մարմինները մշտադիտարկման են ենթարկում ու գնահատում ոստիկանության աշխատանքը, ուղղորդում գործողությունները, տալիս համապատասխան առաջարկություններ եւ հանձնարարականներ:
Այսօրվա խորհրդարանական լսումները եւս հանդիսանում են հաշվետվողականության յուրօրինակ մի ձեւ, եւ օգտվելով առիթից ոստիկանության ղեկավարության անունից կուզեի շնորհակալություն հայտնել «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին», որը բազմաթիվ նիստերի, լսումների, ոստիկանության ստորաբաժանումներ այցելությունների, հարցումների եւ խորհրդատվությունների միջոցով իր մեծ դերակատարությունն ունի նոր ոստիկանության ձեւավորման գործընթացում:
Մյուս կարեւոր ոլորտը բաց եւ թափանցիկ համագործակցությունն է քաղաքացիական հասարակության հետ: Տվյալ դեպքում խոսքը հասարակության հետ փոխհամագործակցության միջոցով հաշվետվողականությունն ապահովելու մասին է: Պետք է նշել, որ երբեք ոստիկանությունը նման թափանցիկ գործելակերպ չի ունեցել եւ այսօր առավել ակտիվ մասնակցելով զանազան քաղաքացիական նախաձեռնություններին, համագործակցելով տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ապահովում է հաշվետվողականության մեխանիզմների լիակատար իրականացումը: Սա ամենաազդեցիկ գործիքներից է, որի շնորհիվ ավելի տեսանելի եւ շոշափելի են դառնում ձեռքբերումները, ինչը ձեւավորում է ոստիկանության նկատմամբ հասարակական կարծիքը, բարձրացնում ոստիկանության վարկանիշը:
Կարեւորելով եւ ամրապնդելով հասարակություն-ոստիկանություն կապը, կշեշտեի գործող ամենշաբաթյա «Ուղիղ կապը» եւ «Skype»-ը՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ, շուրջօրյա գործող «Թեժ գիծը», պարբերաբար կազմակերպվող մամլո ասուլիսները: Թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման կարեւոր երաշխիքներից է ոստիկանության բազմաբովանդակ ինտերնետային կայքը, որը վերջերս «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությանն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակին, իսկ «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում՝ հաղթողի կոչմանը: Չկա գեթ մեկ դեպք, որեւէ հայտարարություն, դիմում, հարցում, որին ոստիկանությունը, ի դեմս լրատվական ծառայության, օպերատիվ կերպով չարձագանքի՝ լինի դա ֆիզիկական կամ իրավաբանական անձ, հասարակական կամ այլ կազմակերպություն: Բարի ավանդույթ է դարձել նաեւ ոստիկանության կողմից մշտապես կազմակերպվող հանդիպումներն ու կլոր-սեղան քննարկումները լրատվամիջովների եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնց աջակցում են միջազգային կառույցները, մասնավորապես՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
Միեւնույն ժամանակ, շահագրգռված լինելով, աջակցում ենք զանազան կազմակերպությունների կողմից իրականացվող սոցհարցումներին, հասարակական կարծիքի հետազոտություններին, ինչը թույլ է տալիս ի հայտ բերել եւ շտկել թերություններնն ու բացթողումները, որոնք, ի դեպ, փաստում են ոստիկանության անվերջ աճող վարկանիշը: («Գելափ», «Կրիմինոլոգների հայկական ասոցացիա» եւ այլն):
Ոստիկանության գործունեությունը բաց է տարբեր վերահսկողական կառույցների կողմից դիտարկման համար՝ սկսած առանձին ծառայողի վարքագծից մինչեւ ոստիկանական գործառույթների ռազմավարությունները, աշխատանքի նշանակման գործընթացները եւ բյուջեի կառավարումը: Ոստիկանության ստորաբաժանումների շենքերը նախկինում «վանող» վայրեր լինելուց այսօր դարձել են բաց ու հասանելի, ինչի ապացույցն են տարբեր դիտորդական առաքելություններ իրականացնող խմբերի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների չնախատեսված եւ հաճախ նույնիսկ լիովին չհիմնավորված այցերը՝ երբեմն մոռանալով, որ դրանք ռեժիմային կառույցներ են:
Յուրօրինակ հաշվետվողականության ձեւ կարելի է դիտել համագործակցությունը միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ՝ ոստիկանական միջազգային պարտավորությունների մասով: Սա ենթադրում է մեր անմիջական մասնակցությունը տարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ ԵՄ-ի հետ մշակված զանազան ծրագրերի շրջանակներում: Նման համագործակցությունը բարձրացնում է նաեւ պետության միջազգային վարկանիշը: Պետք է նշել, որ երբեւիցե այսքան ակտիվ չի եղել ոստիկանության համագործակցությունը միջազգային կառույցների հետ (ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակ, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության ծրագիր եւ այլն, առավել եւս՝ ԱՊՀ շրջանակներում եւ երկկողմ հարաբերություններում): Փաստենք, որ մինչեւ վերջերս ԵՄ-ն ուներ իր մշտական ներկայացուցիչը ոստիկանությունում, ով սերտ համագործակցելով թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների եւ այլ հանցատեսակների հակազդման ստորաբաժանումների հետ՝ ցուցաբերում էր խորհրդատվական եւ գործնական օգնություն: Ցավոք, ծրագիրն ավարտվեց:
Առանձնահատուկ պետք է նշել ԵԱՀԿ-ն, որի հետ համագործակցությունը գործնականից վերածվել է բարի գործընկերական հարաբերությունների: Հատկանշական է, որ վերջինս այն հազվադեպ միջազգային կառույցներից է, որը գնահատում է մեր կողմից ներկայացված համակարգի համար առավել առաջնահերթ ու արդիական կարիքները եւ գործուն աջակցություն ցուցաբերում դրանք հոգալու համար:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնություններից էր նաեւ դեռեւս երկու տարի առաջ ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի միջեւ համագործակցության կազմակերպումն ու աջակցությունը, որն իր փաստաթղթային ամրագրումը ստացավ 2013թ. դեկտեմբերին: Կողմերի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքներից ելնելով` բարձրացնել եւ կատարելագործել ոստիկանության մասնագիտական, մարդկային եւ տեխնիկական կարողությունները, ոստիկանության գործունեության ոլորտում օրենսդրական գործընթացի արդյունավետությունը եւ ընդլայնել քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող վերահսկողությունը: Օգտվելով առիթից՝ կուզեի շնորհակալություն հայտնել Կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլուրիին, համագործակցության համար, ում կողմից կառավարման եւ անվտանգության ոլորտում բարեփոխումներ իրականացնող երկրներին աջակցելու նպատակով մշակվել է «Ոստիկանության անձնակազմի բարեվարքությունը» ձեռնարկը, որն ուսումնասիրվել է ոստիկանությունում եւ առօրյա աշխատանքում դարձել կիրառելի ու յուրաքանչյուր ղեկավար ծառայողի սեղանի գիրք:
Ի դեպ բարեփոխումների փաթեթը եւ դրա կատարողականը բարձր գնահատականի արժանացան Վիեննայում կայացած ԵԱՀԿ ոստիկանական փորձագետների տարեկան համաժողովում եւ որպես առաջավոր փորձ, դարձան օրինակ որոշ ԱՊՀ երկրների համար (օրինակ՝ Ղրղզստանը):
Չի կարելի չհիշատակել հանրապետությունում համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը, որը դեռեւս չի հասցվել իր վերջնանպատակին, եւ այս ոլորտում դեռ բավականին անելիքներ ունենք: Այստեղ սկզբունքային խնդիրը ոչ թե տեղամասային տեսուչների վերանվանելն էր համայնքային ոստիկանի, այլ այս ծառայությունը համայնքամետ դարձնելը, համայնքային խորհուրդներ ստեղծելը, նրանց վրա հիմնվելը, որն էլ հենց թափանցիկության, հաշվետվողականության եւ վերահսկողության իդեալական մեխանիզմ է: (Երեւան քաղաքում՝ 11 հենակետ, մարզերում` շուրջ 731 աշխատասենյակ, Կոտայքում՝ պիլոտային ծրագիր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի հետ):
Թափանցիկությունն առաջին հերթին ենթադրում է ոստիկանության գործունեության վերաբերյալ տեղեկատվության ստացման մատչելիության ապահովում: Այսինքն, հասարակությունն այն դեպքերում, երբ դա հնարավոր է եւ անհրաժեշտ, կարող է տեղեկություններ ստանալ ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Պահանջվող տեղեկությունների ծավալը օրեցօր ավելանում է՝ մեզնից խլելով բավականին ժամանակ եւ ռեսուրսներ, սակայն մենք չենք խուսափում այդ աշխատանքից:
Հանրային վերահսկողության երաշխիք հանդիսացան նաեւ ոստիկանության կրթական համակարգում իրականացված թե կառուցվածքային եւ թե օրենսդրական բարեփոխումները (եռաստիճան կրթական համակարգ, «ոստիկանական գործ» մասնագիտություն): Մասնավորապես, ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելության քննությունները էլ ավելի թափանցիկ անցկացնելու նպատակով հանրապետությունում եւ ԱՊՀ տարածքում առաջին անգամ ներդրվեց եւ կիրառվեց ԵԱՀԿ փորձագետների առաջարկած ընդունելության քննությունների կազմակերպման եւ անցկացման նոր մոդելը, համաձայն որի, քննություններն անց են կացվում նոր թեստային համակարգի միջոցով, իսկ ընդունող հանձնաժողովը կազմավորվում է նոր սկզբունքով. 3 անդամ՝ ոստիկանությունից, 6-ը՝ այլ կազմակերպություններից:
Որպես հանրային վերահսկողության երաշխիք եւ ոստիկանության ծառայողների կողմից կատարված կոպիտ խախտումների քննության գործուն մեխանիզմ ՀՀ ոստիկանությունում 2013 թվականից գործում է կարգապահական հանձնաժողովը, որի 11 անդամներից 5-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, 1-ը՝ կառավարությունից:
Խոսելով արտաքին վերահսկողություն իրականացնող կառույցների մասին՝ պիտի փաստել, որ դրանք գործում են ներքին վերահսկողության համակարգերին զուգահեռ:
Ոստիկանության ներքին վերահսկողությունը ներքին ընթացակարգերի ամբողջականություն է, որը ապահովում է ոստիկանության անվտանգությունը եւ նվազագույնի հասցնում ծառայողների անօրինական ու ոչ էթիկական վարքագիծը: Բացի այն, որ ոստիկանության գրեթե բոլոր մարմինների անմիջական ղեկավարներն իրենց ենթակա ծառայությունների գործունեության նկատմամբ ունեն վերահսկողական մեխանիզմներ եւ գործառույթներ, ոստիկանությունում որպես ներքին վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումներ գործում են շտաբային կառույցները, ներքին աուդիտի վարչությունը, որոնք միաժամանակ իրականացնում են նաեւ կազմակերպչական, ստուգողական եւ կատարողական կարգապահության վերաբերյալ գործառույթներ, իսկ որպես մասնագիտացված ստորաբաժանում գործում է ներքին անվտանգության վարչությունը:
Ոստիկանության ղեկավարությունն անշեղորեն իրականացնում է ծեծի եւ խոշտանգման միջոցով ցուցմունքներ կորզելու պրակտիկայի, ինչպես նաեւ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի իսպառ վերացման գործընթացը: Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ նման փաստերը բացառվում են համակարգում, այդուհանդերձ գիտակցելով այդ ամենը՝ մենք ինքներս շահագրգռված ենք դրանց բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ոստիկանության ծառայողների կողմից արձանագրված իրավախախտումների ցանկացած դեպք ղեկավարության կողմից արժանանում է կոշտ արձագանքի եւ յուրաքանչյուր փաստով կատարվում է ծառայողական քննություն: Ոստիկանությունում 2013 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 1571 ծառայողական քննություն, որի արդյունքում տույժի է ենթարկվել 845 ծառայող, 61-ը հեռացվել է ոստիկանությունում ծառայությունից, հարուցվել է 38 քր.գործ, 10 աշխատակից՝ դատապարտվել: (2014 թվականի 9 ամիսների ընթացքում՝ 1192 ծառայողական քննություն, որից տույժի է ենթարկվել 600 ծառայող, 72-ը հեռացվել է ոստիկանությունում ծառայությունից, հարուցվել է 34 քր.գործ, 4-ը՝ դատապարտվել):
Բարեփոխումների գործընթացում կարեւոր է նաեւ թիրախային միջոցառումների իրականացումը, որոնք միտված են շոշափելի եւ տեսանելի դարձնել ոստիկանության առաջխաղացումները: Նոր համազգեստի ներդրումը, «հրեշտակների» գումարտակի եւ համայնքային ոստիկանության ստեղծումը, ՃՈ-ում եւ ԱՎՎ-ում «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը, անցումը քաղաքացիական հատուկ ծառայության, էլի ու էլի մի շարք նման նորամուծություններ, դրանք բարեփոխումներ են, որոնց իրականացումը իրականում կրում է լուրջ խորքային բնույթ եւ նպաստում նոր ոստիկանության ձեւավորմանը, ինչպես ասում է ոստիկանության պետը՝ «Նոր գինին նոր տիկերում, հին գինին հին տիկերում»:
Կարեւոր գործոն է նաեւ տեխնիկական վերազինումը, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավումը, որոնք բավականին բարդ եւ դժվար գործընթացներ են, պահանջում են գերլարված աշխատանք, ներքին ռեսուրսների մոբիլիզացիա, կամային դրսեւորումներ, քանի որ օբյեկտիվ գործոններից բացի հանդիպում ենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուրջ խոչընդոտների եւ հակազդումների: Միայն ոստիկանի մասնագիտական որակների փոփոխման եւ բարձրացման ճանապարհով հնարավոր կլինի կոտրելով հին կարծրատիպերն ու հոգեբանությունը, հաղթահարել մտածելակերպի իներցիան եւ անառողջ նիհիլիզմը:
Դրա հետ մեկտեղ՝ հաճախ բախվում ենք արտաքին հակազդումների՝ չընկալման, որոշ դեպքերում՝ նույնիսկ բացահայտ թշնամական եւ լավը չտեսնելու վերաբերմունքի: Տպավորություն է ստեղծվում, որ ոմանք չարախնդրությամբ եւ հեգնանքով ընդգծելով մասնակի բացասական դրսեւորումները ու երեւույթները, ղեկավարվելով «որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով փորձում են ընդհանրացնելով դրանք՝ հերքել եւ կուրորեն չտեսնել ակնհայտ առաջընթացները, չնկատել որեւէ դրական ձեռքբերում ու նախաձեռնություն եւ ազդել ոստիկանության վարկանիշի վրա:
Վերջիններիս իրականում ոչ մի դրական փոփոխություն էլ հարկավոր չէ: Նրանք սնվում են հայթայթած թերություններով եւ իրենց համար յուրօրինակ հարմար անկյուն են գտել ոստիկանությանը քարկոծելու առումով, ինչը, ի դեպ, հաճախ մենաշնորհի են վերածում՝ նույնիսկ տեղ չթողնելով մյուս «քննադատներին», ինչի հաշվին փորձում են արդարացնել ու երկարաձգել իրենց «գոյատեւումը»:
Ցավալին այն է, որ նման վայ-քննադատները հաճախ քողարկված են օգնողների, բարի գործ կատարողների, զանազան իրավունքների պաշտպանների զգեստներով, մինչդեռ ոստիկանությունն ինքն է կարեւորում ինքնամաքրման գործընթացը եւ շահագրգիռ է թերությունների ու բացթողումների հայտնաբերման եւ վերացման գործում, բաց է ցանկացած առողջ կառուցողական համագործակցության համար: Դուք մշտապես վկա եք դառնում մեր կողմից նման դեպքերի հայտնաբերմանը, որոնք նախկինում կոծկվում էին:
Ոստիկանությունն, ի դեմս ոստիկանության պետի, հաստատակամ է իր նախաձեռնություններում եւ օգտագործելով բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները ի զորու է արմատապես փոխել ոստիկանության գործելաոճը, բարձրացնել հանրության շրջանում ոստիկանության հանդեպ վստահությունը: