ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.04.2015 15:54
Լրագրողներին ներկայացվեց այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապրիլի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին ներկայացվեց 2015 թվականի առաջին երեք ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը: 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Արդյունքում՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 665 դեպքով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 95 դեպքով նվազել է նաեւ ծանր հանցագործությունների թիվը:
Առանձին ուղղություններով նվազել են գողությունների, ավազակության, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը: Միաժամանակ՝ աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքերով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անցած երեք ամիսներին հայտնաբերվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 193 դեպք, առգրավվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 270 միավոր հրազեն:
Հրազենի գործադրմամբ հանցագործությունների աճին զուգահեռ՝ աճել է նաեւ դրանց բացահայտման արդյունավետությունը:
Իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ՝ նվազել է ինչպես անչափահասների, այնպես էլ նախկինում դատապարտվածների կողմից կատարված հանցագործությունների թիվը:
Անցած երեք ամիսներին հայտնաբերվել է 372 հետախուզվող:
Հանդիպման ավարտին Հունան Պողոսյանը պատասխանեց լրագրողներին հարցերին: