ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2014 18:38
ՀՀ ոստիկանությունը տրամադրեց մասնավոր պահնորդական գործունեության առաջին լիցենզիաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծված մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման մշտական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Նիստի սկզբում Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց հանձնաժողովի խնդիրները, մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիաների տրամադրման ընթացակարգը եւ հայտեր ներկայացրած կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները:
Այնուհետեւ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ Տիգրան Ամիրյանը ներկայացրեց հանձնաժողովի կազմը եւ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման հայտ ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Շուրջ 200 պահնորդների լիցենզավորման հայտ էին ներկայացրել «Արմմոբիլ», «Սի սեքյուր» եւ «Ալֆա-Դելտա» կազմակերպությունները:
Նիստի ընթացքում նշվեց, որ նախապատրաստական շրջանում ներկայացվել են պահանջվող փաստաթղթերը, լիարժեք իրականացվել են բոլոր ընթացակարգերը, եւ հանձնաժողովը պատրաստ է որոշում կայացնել մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիաների հայտերի վերաբերյալ:
Այնուհետեւ Սամվել Հովհաննիսյանը մանրամասն ու սպառիչ պատասխաններ տվեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին՝ նշելով, որ լիցենզավորման գործընթացը շարունակական է եւ ընթացքի ու հանձնաժողովի աշխատանքի մասին պարբերաբար կիրազեկվի հանրությանը:
Նիստի ավարտին, փակ խորհրդակցությունից հետո, հայտ ներկայացրած կազմակերպություններին տրամադրվեցին մասնավոր պահնորդական գործունեության առաջին լիցենզիաները: