ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 19:35
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը» թեմայով դասընթաց ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 14-ին հայ-ֆրանսիական ոստիկանության տարեկան համագործակցության շրջանակներում ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար»-ը թեմայով քառօրյա դասընթաց, որին մասնակցում էին ինչպես կրթահամալիրի ծառայողները, այնպես էլ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, տարածքային ստորաբաժանումների այն ոստիկանները, ովքեր ի պաշտոնե կոչված են պայքարելու ապօրինի թմրաշջանառության դեմ:Դասընթացը վարելու նպատակով Երևան էր ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, կոմիսար Գիյոմ Բարբագլին:Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը ողջունելով մասնակիցներին` ներկայացրեց բանախոսի անցած ուղին, զբաղեցրած պաշտոններն ու մասնագիտական որակաները և կարևորելով եվրոպական երկրների հետ ոստիկանական փոխհամագործակցությունը` հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքներն արդյունավետ ու կիրառելի կլինեն ամենօրյա աշխատանքում:Գիյոմ Բարբագլին ընդգծեց, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է իրավապահ մարմինների փորձի փոխանակումը: Առաջին հանդիպմանն իսկ փորձագետը ներկայացրեց Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կազմում մասնագիտացված այն ստորաբաժանումները, որոնք պայքարում են ապօրինի թմրաշրջանառության դեմ, նաև խոսեց այն մասին, թե ինչպիսի աշխատանքններ են ծավալվում, այդ ուղղությամբ պետական ինչ կառույցների հետ են փոխգործակցում ֆրանսիացի իրավապահները:Դասընթացի շրջանակներում հայ ոստիկանները կծանոթանան, թե ֆրանսիացի իրավապահները ինչպես են կանխում մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրումն իրենց պետություն, ինչպես են համագործակցում եվրոպական մյուս երկրների հետ, օպերատիվ-հետախուզական ինչպիսի միջոցառումներ են ձեռնակվում, օրենսդրական ինչ նոր փոփոխություններ և հարցաքննության ինչպիսի մեթոդներ կան Ֆրանսիայում: Մասնագիտական քննարկումների ընթացքում նաև հայ ոստիկանները կներկայացնեն իրենց փորձը: Դասընթացները հնարավորություն են ընձեռում ոստիկաններին անհրաժեշտ նոր գիտելիքներ ձեռք բերել մասնագիտական գործունեության մեջ կիրառելու համար, ինչը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում միջազգային կազմակերպությունների ու իրավապահների հետ համագործակցության հերթական ապացույցն է: