ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2018 12:20
Դանակահարություն Հյուսիսային պողոտայում
Նոյեմբերի 8-ին` ժամը 2-ն անց 5-ից սկսած թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է վիճաբանության հետևանքով:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 1-ն անց 30-ին, Հյուսիսային պողոտաի ակումբներից մեկի դիմաց, տղամարդիկ վիճաբանության մեջ են մտել երեք անծանոթ անձանց հետ, ինչի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել վերջիններիս:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ տղամարդիկ վիճաբանել են Էդգար և Հարություն Ա. եղբայրների, Մարտուն Մ.-ի հետ, և այդ ընթացքում 18-ամյա Մարտուն Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել ու ծանր մարմնական վնասվածք է պատճառել տղամարդկանցից մեկին:
Հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը Էդգար Ա.ն և Մարտուն Մ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն: Մարտուն Մ.-ն տվել է խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մարտուն Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: