ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2014 19:16
Աշխատանքային հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունվարի 15-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի հետ, որով մեկնարկեցին 2014 թվականի մասնագիտական գործնական պարապմունքները:
Անդրադառնալով նման պարապմունքների անհրաժեշտությանը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ է հասնել տեսական գիտելիքների և պրակտիկ փորձի փոխլրացման, ինչին էլ կոչված են գործնական պարապմունքները:
Նկատելով, որ այդ ոլորտում արդյունքները դեռևս հեռու են գոհացուցիչ լինելուց՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակել և դարձնել ավելի առարկայական:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ այն սկզբունքներին, որոնք դրվել են ոստիկանության քաղաքականության և գործունեության հիմքում:
Վլադիմիր Գասպարյանը բաժինների պետերից պահանջեց անվերապահորեն կատարել բոլոր հրահանգներն ու ցուցումները՝ դրանք հասցնելով մինչև շարքային անձնակազմ, ապահովել ստորաբաժանումների համակարգված ու ներդաշնակ աշխատանք, բացառել ոչ պրոֆեսիոնալիզմը, թափթփվածությունը, ծառայողական ու կատարողական կարգապահության խախտումները, անթույլատրելի դրսևորումները քաղաքացիների հետ հարաբերություններում, ոստիկանի կերպարին ու բարոյականությանն անհարիր այլ երևույթներ:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանության ղեկավարությունը սկզբունքային և անզիջում է լինելու առաջադրված խնդիրների իրականացման հարցում, մասնավորապես՝ մասնագիտական պարապմունքների ստուգարքն ընդունելու է ոստիկանության կոլեգիան, իսկ թերացողները ենթարկվելու են խիստ տույժերի:
Այնուհետև մասնագիտական պարապմունքների ծրագիրն ու խնդիրները մասնակիցների համար մանրամասնեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:
Տարվա առաջին սեմինար-պարապմունքն անցկացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը: