ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.08.2019 15:58
Անչափահասների այցը ոստիկանության Գորիսի բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երբ մարդն, առավել ևս անչափահասը, հանցավոր ուղի է բռնում, հարց է ծագում` ինչ միջավայրում է մեծացել, որտեղ սովորել, իրավական նորմերի, բարոյական արժեքների մասին ինչ պատկերացում ունի: Այս խնդիրներով մտահոգ, նաև երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման և դաստիարակության քաղաքականությանը հավատարիմ, ոստիկանությունը պարբերաբար անչափահասների ու դեռահասների մասնակցությամբ տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում` մշակութային, մարզական...
Հուլիսի 29-ին հերթական հանդիպման ձևաչափն այլ էր: Իրավապահների նախաձեռնությամբ Գորիսի տարբեր ուսումնական հաստատությունների մի խումբ անչափահասներ մանկավարժների ուղեկցությամբ ոստիկանության Գորիսի բաժին էին եկել:
Այցելությունը ճանաչողական և դաստիարակչական նպատակ էր հետապնդում` անչափահասներին զերծ պահել հանրորեն վտանգավոր արարքներից, ծանոթացնել ծառայողների առօրյային, ինչպես և ամրապնդել վստահությունը ոստիկանության նկատմամբ:
Երեխաները եղան հերթապահ մասում, ծանոթացան համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների գործառույթներին: Պարզեցին, թե ոստիկանության սպառազինության մեջ ինչ զենքեր և հատուկ միջոցներ կան, ստացան դրանց բնութագրերին վերաբերող տեղեկություններ:
Ոստիկաններն անչափահասների հետ խոսեցին հանցագործություններից ու բռնություններից զերծ մնալու մասին, հորդորեցին լավ սովորել, լինել օրինապահ քաղաքացի:
Ընկերացել էին ոստիկաններ հետ, ոմանց նույնիսկ հետաքրքրում էր ոստիկանությունում ծառայության անցնելու, ոստիկանության կրթահամալիր ընդունվելու պայմանները:
Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին և՛ մանկավարժները և՛ երեխաները:
Հանդիպումը բովանդակալից էր, ճանաչողական: