ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.01.2019 15:36
Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին
2018թ. ընթացքում, ունենալով ներքաղաքական գործընթացներով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ՀՀ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը:
Ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին: Բացի այդ, տարին հագեցած էր մի շարք համապետական նշանակության միջոցառումներով, ինչպիսիք էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև ՀՀ ԱԺ արտահերթ, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց պատշաճ կազմակերպումն ու անցկացումը պայմանավորված էր նաև ՀՀ ոստիկանության մեծաքանակ ծառայողների և միջոցների ներգրավվածությամբ:
Անդրադառնալով ՀՀ-ում արձանագրված հանցագործությունների շարժընթացին, հարկ է նշել, որ 2018թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 11,2%-ով կամ 2267 դեպքով (2017թ.` 20.284, 2018թ.` 22.551), ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված և առավել լատենտային համարվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով:
Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ նախորդ տարվա ընթացքում, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն (եթե 2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 32.321 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2018թ. դրանց թիվն աճել է 9145-ով կամ 28,3%-ով՝ կազմելով 41.466):
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում, բնականաբար, աճել է նաև հանցավորության գործակիցը: Հաշվետու ժամանակահատվածում 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 693 (2017թ.` 550): Հանցավորության գործակիցը միջինից բարձր է Երևանում (1014), իսկ առավել ցածր՝ Գեղարքունիքի (365), Սյունիքի (420) և Վայոց ձորի (444) մարզերում:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու դեմ ուղղված (24,0%-ից 21,3%), հասարակական կարգի ու անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված (18,0%-ից 15,6%) և պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի դեմ ուղղված (14,6%-ից 14,4%) հանցագործությունների տեսակարար կշիռները:
Փոխարենը նկատելիորեն աճել է սեփականության (39,9%-ից 44,8%) և որոշակիորեն նաև՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված (2,7%-ից 2,8%) հանցագործությունների մասնաբաժինը:
2018թ. ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 60-ով կամ 36,6%-ով (164-224), ինչը հիմնականում պայմանավորված է լատենտային համարվող՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման և կաշառքի դեպքերի թվի աճով:
Ծանր հանցագործությունների թիվն աճել է 909-ով կամ 33,3%-ով (2729-3638), ինչն առավելապես պայմանավորված է բնակարանային գողությունների թվի աճով:
Ըստ հիմնական հանցատեսակների 14-ով կամ 28,6%-ով նվազել է սպանության (49-35), 90-ով՝ կամ 8,1%-ով դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1113-1023), այդ թվում` 3-ով կամ 1,5%-ով՝ ծանր վնաս պատճառելու (194-191), 18-ով կամ 17,6%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (102-84) և 16-ով կամ 23,9%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների (67-51) դեպքերի թիվը:
Միևնույն ժամանակ, 1135-ով կամ 19,0%-ով աճել են գողության (5963-7098), 56-ով կամ 30,6%-ով՝ կողոպուտի (183-239), 1-ով կամ 2,2%-ով՝ ավազակության (46-47), 372-ով կամ 34,3%-ով՝ խարդախության (1083-1455), 251-ով կամ 87,2%-ով՝ յուրացման կամ վատնման (288-539), 4-ով կամ 9,1%-ով՝ տրանսպորտային միջոց փախցնելու (44-48), 311-ով կամ 32,0%-ով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (972-1283) և 32-ով կամ 15,8%-ով՝ խուլիգանության (202-234) դեպքերը:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նման աճի պարագայում հանրապետությունում 3,6%-ով աճել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11.918-12.343)։
Հաշվետու ժամանակահատվածում 51-ով կամ 10,4%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (488-437):
Հանցավորության ընդհանուր աճի պարագայում 44 դեպքով նվազել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը (403-359): Ընդ որում, 2018թ. հանցագործություն է կատարել 324 անչափահաս՝ 2017թ. 341-ի դիմաց:
2018թ. հունվարի 30-ին ուժի մեջ մտած «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողները 2018թ. հունիսի 30-ից անցել են իրենց գործառույթների իրականացմանը՝ համագործակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների հետ:
Մարտ ամսին ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստեղծվել է մասնագիտացված բաժին, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում անչափահասների գործերով բաժանմունքները /խմբերը/ դարձել են մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնց ծառայողներն անցել են վերապատրաստում և հանձնել ստուգարքներ: Մշակվել են համապատասխան ձեռնարկներ և ուղեցույցներ:
Միայն 2018թ. 2-րդ կիսամյակի ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 990 դեպք, որից 413-ով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 128 դեպքով կայացվել են անհետաձգելի միջամտության որոշումներ: Բռնարարների նկատմամբ կազմվել է 541 հաշվառման քարտ, որոնց հետ իրականացվում են կանխարգելիչ բնույթի աշխատանքներ:
Հարկ է նշել, որ 2018թ. 2-րդ կիսամյակից սկսած՝ ՀՀ ոստիկանությունում բացահայտման աշխատանքները հաշվվել են ոչ թե հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թվից, այլ վարույթում առկա քրեական գործերով կամ նյութերով, որոնցում ընդգրկված են նաև չկասեցված և նախորդ տարվանից փոխանցված գործերը: Բացահայտումները վարույթով հաշվելը հնարավորություն տվեց առավել օբյեկտիվ գնահատել տարածքային մարմինների աշխատանքը և հաշվետվություններում արտացոլել նաև վերջիններիս կողմից կատարված նախորդ տարում հարուցված և չկասեցված գործերի բացահայտման աշխատանքները, ինչը նախկինում դուրս էր մնում թե´ հաշվետու, թե´ նախորդ տարվա հաշվետվություններից:
Բացի այդ, 2018թ. 2-րդ կիսամյակից սկսած, բացահայտված են համարվում միայն այն դեպքերը, երբ անձը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է այլ կերպ՝ բացահայտված են հաշվվել նաև այն հանցագործության դեպքերը, որոնցով ի սկզբանե հայտնի է եղել ենթադրյալ հանցանք կատարած անձը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, կապված հաշվման մեթոդաբանության փոփոխությունների հետ, 2018թ. բացահայտման ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարվա ցուցանիշների հետ, ուստի հանցագործությունների բացահայտման ուղղու¬¬թ¬¬յամբ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները կներկայացվեն առանց համեմատականի՝ չարտացոլելով նախորդ տարվա համեմատական ցուցանիշների տոկոսային պատկերը:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 26.781 հանցագործության դեպքերից 62,9%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ, ծանր՝ 4633 հանցագործություններով՝ 38,0%, առանձնապես ծանր՝ 313 հանցագործություններով՝ 59,7%:
Ըստ առանձին հանցատեսակների, բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է. սպանություններով՝ 74,6%, ավազակություններով՝ 66,7%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 93,4%, սպանության փորձերով՝ 74,4%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 87,0%, այդ թվում՝ ծանր՝ 71,2%, բռնաբարության ու բռնաբարության փորձի՝ 72,7%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 88,9%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 73,0%, խուլիգանության՝ 59,2%, կողոպուտներով՝ 57,1%, գողություններով՝ 39,6%, այդ թվում՝ բնակարանային՝ 20,6%, խարդախություններով՝ 66,0%, յուրացման կամ վատնման դեպքերով՝ 61,8% և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում 499-ով (976-1475) աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը:
400-ով կամ 35,1%-ով նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (1138-738):
2018թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 (2017թ.՝ 5) դեպք: Գրանցված դեպքերից 1-ը՝ սեռական (շահագործումն իրականացվել է Թուրքիայում), 5-ը՝ աշխատանքային շահագործման դեպքեր են, որոնցից 1-ն՝ արտագնա (շահագործումն իրականացվել է ՌԴ-ում):
Իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում, օրվա հրամայական դարձած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներում աննախադեպ աճ է արձանագրվել. եթե 2017թ. արձանագրվել էր կոռուպցիոն բնույթի 634 դեպք, ապա 2018թ. դրանց թիվն աճել է մոտ 2,5 անգամ կամ 719-ով՝ կազմելով 1353:
Հարկ է նշել, որ հայտնաբերված դեպքերից 760-ը կամ 56,2%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Կոռուպցիոն հանցագործություններից 461-ը (2017թ.՝ 163) կաշառակերության դեպքեր են, 263-ը (52)՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 137-ը (2017թ.՝ 85)՝ պաշտոնեական կեղծիքի, 165-ը (2017թ.՝ 115)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 75-ը (2017թ.՝ 35)՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:
Դեպքերի աճին զուգընթաց, 2018թ. ընթացքում աճել է նաև հետաքննության ապարատի ծանրաբեռնվածությունը: ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է ընդհանուր 203.539 (2017թ.՝ 155.355) նյութ: Հանցա¬գործությունների վերաբերյալ հաղորդումներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով, ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 41.466 (2017թ.՝ 32.321) նյութ: Հարուցվել է 10.481 (2017թ.՝ 7155) քրեական գործ:
Հասարակական կարգի պահպանումն ու հասարակական անվտանգության ապահովումը պատշաճ կազմակերպելու նպատակով 2018թ. ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն են ապահովել Հայաստանի Հանրապետությունում՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու, դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ, մարտի 11-ին, հունիսի 10-ին և հոկտեմբերի 21-ին ՀՀ մարզերում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների ժամանակ, ինչպես նաև հանրապետությունում անցկացված 5767 (2017թ.՝ 5430) զանգվածային միջոցառումների ընթացքում, ընդ որում՝ նշված միջոցառումներում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:
2018թ. օգոստոս ամսից ՀՀ ոստիկանության զորքերի ուժերով և միջոցներով իրականացվում է ՀՀ պետական սահմանի պահպանություն՝ մարտական հերթապահություն:
Հասարակական անվտանգության ապահովման գործում կարևոր է նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների դերը:
2018թ. ընթացքում ՊՊԳՎ ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվել է 4404 (2017թ.՝ 4380) օբյեկտների պահպանություն, որոնցից 383-ը (2017թ.՝ 416) քաղաքացիներին պատկանող բնակարաններ են:
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանության ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:
2018թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1712 (2017թ.՝ 1559) ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 843 (2017թ.՝ 937) ծառայող:
Ամփոփելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը 2019 թվականին ակնկալում է ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների ղեկավարների շարունակական և հետևողական աշխատանքը՝ ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: