ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2012 09:57
«ՈՍՏԻԿԱՆԸ ԻՄ ՊԱՀԱՊԱՆՆ Է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր մեզ համար սովորական է և արդեն սովորություն է դառնում ոչ թե ծառի տակ պահ մտած` անկարգ վարորդի սպասող ճանապարհային ոստիկանը, այլ տրանսպորտային հոսքում երթևեկող և զուտ իր ներկայությամբ վթարը կանխարգելող ՃՈ պարեկային մեքենան, կամ խաչմերուկը վարժ կարգավորող, կամ դպրոցամերձ տարածքում հերթապահող ճանապարհային ոստիկանը: Այսօր մեզ համար սովորական է անձնագրային բաժանմունքների հստակ ու ժպտադեմ, արագ ու անքաշքշուկ աշխատանքը: Այսօր ցանկացած բնակիչ համացանցի և իր շքամուտքում փակցված պաստառի միջոցով անձամբ է ճանաչում իր թաղային տեսուչին, ձեռքի տակ ունի նրա հեռախոսահամարներն ու աշխատավայրի հասցեն: Այսօր արտաքին ծառայություն են իրակացնում ամրակազմ, ձիգ, պատրաստված տղաներ, և այդ պարեկախմբերի տեսքն արդեն վստահության ու ապահովության զգացում է հաղորդում մարդուն: Չենք խոսում արդեն նորակազմ հատուկ սպայական գումարտակի մասին, որի ծառայողները դեռևս մայրաքաղաքում են ստանձնել երևանցիների ու հյուրերի պահապան հրեշտակների դերը, իսկ մոտ ապագայում գործելու են նաև մարզային կենտրոններում` դառնալով գալիք ոստիկանության նմուշօրինակ: Իսկ մայրաքաղաքում արդեն ավարտված և մարզերում սկսվող ճանապարհների գծանշո՞ւմը, որը ոչ միայն արդիական է ու հարմարավետ, այլև անվտանգ է դարձնում երթևեկությունը: Իսկ արագաչափերն ու տեսադիտարկման խցիկները և դրանց կիրարկման շնորհիվ մահացու ելքով վթարների նվազո՞ւմը: Իսկ կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի վճարման կարգի փոփոխությունն ու կանխիկ գումարով տուգանք-գումարը ստանալու տգեղությունից ոստիկանին ձերբազատե՞լը: Իսկ ծառայության իրականացումը դպրոցամերձ տարածքներում, ինչի շնորհիվ, փառք Աստծո, այս տարի ոչ մի պատահար չարձանագրվեց սեպտեմբերին…
Մեզ արդեն սովորության չափ սովորական է թվում այս ամենը, իսկ ընդամենը մեկ տարի է անցել, բայց նվիրյալ ու հավատավո՛ր աշխատանքի մեկ տարի, քսանչորսժամյա աշխատանքային օրերի, հոգեբանական ու բարոյական հեղափոխման, խորքային վերակառուցումների, համակարգում ու հասարակության մեջ կարծրատիպերը կոտրելու մեկ տարի:
Ճիշտ մեկ տարի առաջ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոր ռազմավարություն առաջադրեց ոստիկաններին ու ոստիկանության նորանշանակ պետին` պահանջելով խնդրի անվերապահ ու լիարժեք իրականացում:
Տարին մի տեսակ կեսից սկսվեց ոստիկանության համար: Բայց կարևորը օրացույցը չէ, կարևորը հավատով ու պատասխանատվությամբ սկսելն էր: Կանխադրույթները որոշակի էին` ոստիկանությունը ծառայում է հասարակությանը` գործելով օրենքի շրջանակներում և իրացնելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Սակայն ցանկացած ծրագիր, բարեփոխման ցանկացած խոստում մեռելածին է, եթե իրագործո՛ղը չկա կամ, որ ավելի վատ է, ինքն էլ չի հավատում իր խոսքին ու գործին: Ահա թե ինչու հանրապետության Նախագահի և հասարակության պահանջ-ծրագրի իրականացման հիմքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրեց կադրային բարեփոխման անհրաժեշտությունը: Ոչ թե կադրերի պարզունակ փոփոխություն կամ վերաբաշխում, այլ արմատական ու խորքային, բովանդակայի՛ն վերափոխություն: Այս գործընթացը նույնիսկ «կադրային ջարդ» որակումը ստացավ որոշ լրատվամիջոցներում, եղան խռովածներ, բամբասողներ, չհասկացողներ, սակայն ոստիկանության պետն այս հարցում հատկապես հետևողական է. իրոք` նոր գինին հին տիկերի մեջ չի պահվի ու մանանեխի հատիկի չափ հավատ ունենալն էլ ոչ թե գեղեցիկ խոսք է, այլ բացարձակ ճշմարտություն: Եվ տարին անցավ «Հավատալ ու գործել» նշանաբանով…
Բառերը հաճախ կրկնվելուց մաշվում են: Կարող է մաշվել նաև բազմիցս կրկնված արտահայտությունը` «Ոստիկանության խնդիրը հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի և քաղաքացու անվտանգության պահպանումն է»: Կարող է մաշվել, եթե սահենք բովանդակության վրայով ու չհասնենք հիմքերի հիմքին, որ երդման պես է հնչում` «Ոստիկանության նպատակն ու գործը հասարակությանը, քաղաքացուն, մարդուն ծառայելն է»: Ծառայությո՛ւն է, երբ բացահայտում ես հանցագործությունն ու վնասազերծում հանցագործին, ոչ պակաս ծառայություն է, երբ քաղաքացուն անձնագիր ես տալիս, երբ երեխային օգնում ես անցնել փողոցը, երբ օտարերկրացուն ուղեկցում ես իր փնտրած վայրը: Ոստիկանն, այո՛, օրենքի պահապանն է, սակայն նույն օրենքն ու ոստիկանը նախևառաջ քաղաքացու, մարդու պաշտպանն են: Ահա այս պարզ, սակայն տասնամյակների վայրիվերումներից աղոտացած ճշմարտությունը պիտի հասցվեր ոստիկանության ծառայողներին` բարձրաստիճան սպայից մինչև շարքայինը: Այս դժվար գործն է, որ իրակացվեց անցած տարվա ընթացքում, իրականացվեց խորհրդակցությունների, հանդիպումների, զրույցների ձևաչափով, հրամանների, հրահանգների, ցուցումների տեսքով, խրախուսանքների ու տույժերի միջոցով:
Այո՛, դեռ ստեղծվում է նոր ոստիկանությունը, բայց և ստեղծողները հավատի ու գործի մարդիկ են, իսկ ովքեր չկարողացան կամ չհավատացին, հեռացան համակարգից: Եվ դա արդար է. ճշմարիտ ծառայությունը նվիրյալների ասպարեզ է:
Ոլորտներ կան, որտեղ «Ծառայություն մատուցել հասարակությանն» արտահայտությունը ոչ թե պարզապես սկզբունք է կամ կարգախոս, այլ իրական և ամենօրյա, ամենժամյա գործողություն: Ու հենց այդ ոլորտներն էլ ամենասկզբից, կադրային բարեփոխմանը զուգահեռ, թիրախային դարձան ոստիկանության ղեկավարության համար` Ճանապարհային ոստիկանություն, անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումներ, արտաքին ծառայություն: Ոստիկանությունն այս բնագավառում ամեն օր և ուղղակիորեն է առնչվում քաղաքացու հետ: Եվ հենց այստեղ է, որ առաջնահերթ պիտի ի հայտ գար հասարակությանը ծառայելու պատրաստությունն ու պատրաստակամությունը: Մարդիկ իրավացիորեն դժգոհում էին կոպիտ ու դանդաղաշարժ անձնագրավարից, ոչ թե երթևեկության կանոնների խախտումը կանխող, այլ «եկամտաբեր» խախտման սպասող ճանապարհային ոստիկանից, իր թաղամասն ու բնակիչներին չճանաչող տեղամասային տեսուչից, անկիրթ ու թափթփված պարեկայինից…
Աչքը սովորաբար նախ վատն է ընկալում, իսկ միտքը մասնակի վատն է ընդհանրացնում: Եվ ծնվում է կարծրատիպը, որը փոխելուն զուգահեռ, դրանից էլ առաջ ու արագ` պատճա՛ռը պիտի վերացվեր:
Այդպես մտածողներ այսօր էլ կան:
Փոփոխություններն ու դրական զարգացումներն անուրանալի են, բայցևայնպես հինը դժվարությամբ է նահանջում: Տասնամյակներով ծանրացած նստվածքներ կան, անարդար պատժող միլիցիոների կերպար կա, կաշեպատ դռների հետևում, խուլ ու կիսամութ սենյակներում «գործ սարքող» քննիչներն են մարդկանց հիշողություններում: Ոստիկանությունը միշտ ընկալվել է որպես պետական մեքենայի մաս, որպես պետական ուժ: Այդպես էլ կա, բայց սա բանաձևի միայն կեսն է: Հանգամանքերի դժբախտ բերումով` այդ ուժը անցյալ դարի 20-50-ական թվականներին առավել հաճախ ոչ թե հանուն օրինապահ քաղաքացու, այլ ընդդեմ է եղել, ինքնիրավ, «օրենքը ես եմ» համոզմունքով: Այդ ժամանակներն անցան, փոխվեցին կառույցի խնդիրներն ու գործելակերպը, բայց կարծրատիպն այնքան հաստատուն էր, որ հասավ մեր օրերը: Գաղտնիությունը տագնապ ու անվստահություն է ծնում, իսկ տագնապը վանելու լավագույն միջոցը միշտ էլ եղել ու մնում է լույսը, գաղտնազերծումը, թափանցիկությունը: Եվ ահա ոստիկանության գործունեության առանցքային սկզբունք հռչակվեց բաց ու հրապարակային աշխատանքը: Սկզբունքն առարկայացավ նաև ուղղակիորեն` բառի բուն իմաստով թափանցիկ անձնագրային բաժանմունքների և հաշվառման-քննական բաժնի աշխատանքով: Բայց կարծրատիպը շարունակում էր դիմադրել: Պահանջվում էր ևս մի քայլ ոստիկանության աշխատանքը գաղտնազարծելու ճանապարհին: Եվ այդ անսովոր ու անսպասելի քայլն արվեց: Այսօր քաղաքացին հիշյալ ստորաբաժանումներում տեղադրված տեսախցիկների միջոցով ոստիկանության պաշտոնական կայքէջում ոչ միայն կարող է ուղղակիորեն հետևել, այլև վերահսկել աշխատանքը, իր դիտողություններն ու առաջարկություններն անել ինչպես «թեժ գծի», այնպես էլ հրապարակված այլ հեռախոսահամարներով: Սա թափանցիկ աշխատանքի, քաղաքացիների հետ համագործակցության լավագույն օրինակ է մեր գերատեսչությունների գործունեության մեջ: Ոստիկանությունն, այսպիսով, հասավ կարծրատիպերը կոտրելու և հանրային վստահությունն ամրապնդելու ևս մի կարևոր հանգրվանի: Իսկ մյուս քայլը համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումն ու խորացումն է, ոստիկանական հենակետերի բացումը մայրաքաղաքի տարբեր համայնքներում: Այս կառույցը, որին նախապես ոստիկանության այլ ստորաբաժանումներին օժանդակողի դեր էր վերապահված, բովանդակային փոփոխություն է կրել, և այսօր ոչ միայն առավել ընդգրկուն, այլև որակապես այլ գործառույթ ունի: Համայնքային ոստիկանությունը հենց հանրային ոստիկանություն է, ժողովրդի՛ ոստիկանություն: Հենակետերում ծառայություն են կատարում պատրաստված, երիտասարդ, նորովի մտածող ոստիկաններ, որոնց դուռը միշտ բաց է համայնքի բնակիչների առաջ: Ու մարդիկ գալիս են` իրենց հոգսերով, խորհուրդներով, առաջարկություններով, գալիս են պարզապես զրուցելու, որովհետև համայնքային ոստիկանը համայնք-ընտանիքի անդամն է, գիտի թաղամասի լավն ու վատը, գիտի բնակիչներին ու նրանց հոգսերը, ի վիճակի է նրանց հետ միասին լուծելու ոչ միայն ոստիկանական դաշտի, այլև կենցաղային, ընտանեկան, զուտ մարդկային այլևայլ հանգույցներ: Համայնքային ոստիկանությունը, «Հրեշտակների գումարտակի» պես, ապագայի ոստիկանության նմուշն է, և այն, որ ոստիկանության պետը անձամբ է մասնակցում հենակետերի բացմանը, զրուցում բնակիչների ու ծառայողների հետ, անհոգնել մանրամասնում համայնքային ոստիկանության խնդիրներն ու նշանակությունը, վկայում է, որ ստեղծումի այս ընթացքը նույնպես անշրջելի ու ավարտուն է լինելու:
Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հանգուցային ուղղություններից մեկն էլ անչափահասների հետ տարվող աշխատանքն է, որն այս տարում անկյունաքարային նշանակություն ստացավ: Խոսքը պարզապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատելու մասին չէ: Խնդիրն ավելի խոր ու ընդգրկուն է: Վաղվա ոստիկանության հիմքերը դնելիս անհնար է մոռանալ վաղվա հասարակության մասին: Իսկ այսօրվա դեռահասը վաղվա քաղաքացին է, և որպեսզի գալիք ոստիկանության ու քաղաքացու հանդիպումը առանց նստվածքների ու կարծրատիպերի կայանա, աշխատանքն այսօ՛ր պիտի արվի և արվում է: Այս ժամանակահատվածում ոստիկանության ամենատարբեր ծառայությունների ներկայացուցիչները տասնյակ հանդիպումներ են ունեցել հանրապետության դպրոցներում, դասախոսություններ կարդացել, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, մասնակցել զանազան միջոցառումների: Երեխաներն իրենց հերթին այցելել են ոստիկանության բաժիններ, ի մոտո ծանոթացել իրավապահների աշխատանքին, հնարավորություններին ու միջոցներին, կարգախմբերի հետ պարեկային շրջայցերի ելել: Էլի մի քիչ, և այսօրվա երեխայի պայծառ տպավորությունները կդառնան համոզմունք` պաշտպան ու պահապան ոստիկանի մասին, և նրանց գալիք հանդիպումն իսկապես մտերիմների հանդիպում կլինի:
Այս խորքային գործընթացները ոգևորությամբ ընդունվեցին հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների կողմից: Շատերն ընդառաջ եկան ոստիկանությանը` անկեղծորեն առաջարկելով իրենց աջակցությունը այդ դժվարին, բայց անհրաժեշտ ընթացքին: Բավական է հիշել այդ համագործակցության շրջանակներում ոստիկանության նախաձեռնած բազմաթիվ կլոր սեղանները, որոնք ուղղված էին գործող օրենսդրության մի շարք դրույթների քննարկմանն ու բարեփոխմանը: Իսկ աննախադեպ հուշագի՞րը, որ դարձյալ ոստիկանության նախաձեռնությամբ ստորագրվեց հանրապետության փաստաբանների պալատի հետ և արդեն իսկ բարերար ազդեցություն ունի նախաքննության փուլում քննչական մարմինների ու փաստաբանների համագործակցված աշխատանքի վրա: Իսկ սերտ փոխգործակցությունը աշխարհի տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ` փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և այլ ոլորտներում: Ինչ վերաբերում է Հայաստանի ոստիկանության ու ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի համագործակցությանը, ապա այն վերաճել է իսկական գործընկերության, ավելին` բարեկամության: Այս բարեկամ գրասենյակի աջակցությամբ իրականություն դարձան ոստիկանության կրթահամալիրի բարենորոգումն ու տեխնիկական հագեցումը, ոստիկանության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների համատեղ սեմինարները, ոստիկանության նոր ու արդիական պաշտոնական կայքէջի գործարկումը, հարցումները բնակչության շրջանում` ոստիկանության գործունեության իրական պատկերն ու դրա օբյեկտիվ գնահատականը պարզելու նպատակով…
Երկա՞ր ժամանակ է մեկ տարին: Օրացուցային տրամաբանությամբ` ոչ այնքան. ընդամենը 365 օր: Իսկ ոստիկանության տրամաբանությամբ` ավելին, շա՜տ ավելին, որովհետև օրացուցային տարում անհնար կլիներ այսքանի իրականցումը: Ընդ որում, բարենորոգումները ոստիկանության գործունեության մի շերտն են միայն: Ապագային հառած հայացքը տեսնում է նաև ներկան ու անցյալը: Բարեփոխումներին զուգահեռ ողջ ծավալով շարունակվում է հանցավորության դեմ պայքարի և հանցագործությունների կանխարգելման աշխատանքը: Թափ է տրվում տասնամյակների վաղեմություն ունեցող քրեական գործերի փոշին. հիշենք միայն, թե 10, 15, 20 տարվա վաղեմության քանի՜ հանցագործության դեպք բացահայտվեց այս կարճ հատվածում: Իրենց ծառայությունն են կատարում քրեական հետախույզները, տեղամասային տեսուչները, պարեկապահակային ու պետական պահպանության ծառայությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանները: Եվ ավելի՛ն են կատարում` պայքարելով ապօրինի ծառահատումների դեմ, օգնելով, որ իր դժվար ապրուստը վաստակող շինականն անխոչընդոտ իրացնի բերքը, աջակցելով գայլերից իր հոտը պաշտպանող գյուղացուն, կարգի հրավիրելով տարատեսակ գոռոզամիտների, որոնք թիկնազորերով ու շարասյուներով փորձում են օրենքի ու հասարակության հանդեպ իրենց գերազանցությունը ցուցադրել…
Աղետի ու ախտի դեմ այս պայքարը ոստիկանի համար արդեն գործառույթների իրականացում չէ, իսկապե՛ս ծառայություն է, որն օրըստօրե էություն է դառնում ոստիկանության համար: Իսկ էության բարեփոխումը բերում է նաև կերպի փոփոխության: Եթե խոսքդ գործ է ու նպատակդ` ապագային միտված, անթույլատրելի, անհնար է բովանդակության ու ձևի խզումը: Այս սկզբունքի իրացումն են անճանաչելիորեն նորոգված ոստիկանության կենտրոնական մասնաշենքը, «Դինամոյի» հարմարավետ մարզադահլիճները, ժամանակակից հրաձգարանը, անձնագրային բաժանմունքները, շինարարական ծավալուն աշխատանքը, որ ընթանում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում…
Ոստիկանությունն ունի և ունենալու է նպատակային թիրախներ` պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում, հասարակական կարգի պահպանում, օրենքի գերակայության ամրապնդում, բայց ամենագլխավոր թիրախը, թերևս, նո՛ր ոստիկանի ձևավորումն է: Ոստիկան, որի համար գործը նվիրում է, համազգեստը` պատիվ, ծառայությունն` առաքելություն: Ոստիկան, որն իսկապես իմ պաշտպանն է: Միայն այսպիսի՛ ոստիկանի գոյությամբ կունենանք քաղաքացիական հասարակություն, ամուր պետականություն ու հզոր պետություն: