ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության միջազգային գործունեության և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի մասին
2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ:
Հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետը մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ, մասնավորապես՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցությանն հետ կապված հարցեր:
Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին, ներկայացվել են ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի Եվրոպայի տարածաշրջանի հարցերով ստորաբաժանման տնօրեն Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին Հայաստանի ոստիկանության մասնակցության հետ կապված հարցեր, նշվել ծրագրային համակարգերի ներդրման անհրաժեշտության մասին, որոնք իրավապահներին հնարավորություն կտան հայտնաբերելու նաև հետախուզվող մեքենաներ ու կորած փաստաթղթեր։ Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է համագործակցությունը՝ ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Խոսվել է ընտրողների ցուցակների կատարելագործման ու նախընտրական շրջանում հավաքների անցկացման խնդրի մասին:
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Վուլեն, ով բարձր է գնահատել ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի գլխավորած պատվիրակությանը։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներով։ Ներկայացվել են վիճակագրական տվյալներ, խոսվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներից։ Կողմերը քննարկել են նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում անչափահասների համար նախատեսված սենյակների կառուցման, համապատասխան գույքով կահավորման ու տեխնիկական հնարավորություններով հագեցման, ինչպես և ոստիկանության ծառայողների համար նախատեսված ձեռնարկ-ուղեցույցի մասին։
Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության անվտանգության հարցերով պատասխանատու Լասարո Բելագյիին և դիտորդական առաքելության անվտանության հարցերով փորձագետ Միշել Գալկովսկիին:
Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են նոր կազմավորվող պարեկային ստորաբաժանման ծառայողների վերապատրաստմանը, սպառազինությանը, համազգեստին, հատուկ տրանսպորտային միջոցներին, ինչպես և Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի դասախոսների ԱՄՆ-ում վերապատրաստմանը վերաբերվող հարցեր։
Երկկողմ համագործակցություն
Ռուսաստանի Դաշնություն
Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
Մարտի 28-ից ապրիլի 6-ը ՌԴ ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայում անց են կացվել «Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթացներ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը:
Մարտի 28-ից 30-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման և հետագա համագործակցության հետ կապված հարցերի քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:
Սեպտեմբերի 25-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է «Վահան և գրիչ» XVII մրցույթի հաղթողների և դափնեկիրների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պատրաստած տեսանյութը՝ «ՀՀ ոստիկանություն և ՌԴ ներքին գորեծրի նախարարություն համագործակցությունը 25 տարեկան է», արժանացել է դիպլոմի:
Նոյեմբերի 9-ից 11-ը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաք մասնակցելու Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի մարմինների աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններին: Այցի ընթացքում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր: Վլադիմիր Կոլոկոլցևը պատրաստակամություն է հայտնել շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով:
Նոյեմբերի 20-ից 30-ը ՌԴ Մոսկվա քաղաքում ՌԴ ՆԳՆ Վ.Կիկոտի անվան Մոսկվայի Համալսարանում կայացել են «Իրավապահ գործունեության տեղեկատվական-վերլուծության ապահովման հարցերը» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:
Հաշվետու ժամանակաշրջանում ՌԴ ՆԳՆ հետ համագործակցելով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Շարունակվել է սերտ և ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի կողմից կազմակերպվել են հետևյալ միջոցառումները.
Փետրվարի 5-ից 9-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Թբիլիսիի գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվել է «Թմրամիջոցների գործերով հետաքննություն» խորացված դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստարաբաժանումներից 6 ծառայողներ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը մարտի 6-ից 9-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպել է «Կանայք ոստիկանությունում-2018» թեմայով տարեկան տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 կին ծառայողներ:
ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետ համատեղ մարտի 12-ից 14-ը Երևանում կազմակերպել է հանցավորության բացահայտման և քննության վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և կրթահամալիրի 5 ծառայողներ:
Մայիսի 16-ից 17-ը և մայիսի 19-ից 20-ը Երևանում «ՓԻ-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ֆինանսավորվող «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների /խմբերի/ դպրոցական ավագ տեսուչների մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ 55 դպրոցական տեսուչների համար:
Օգոստոսի 12-ից 17-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում կազմակերպվել է Կին առաջնորդների ինստիտուտի դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ /հատուկ/ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայության տեսուչը:
Նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավական հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության համար համակարգչային ծրագիր մշակելու հետ կապված հարցեր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մարտ-հուլիս ամիսներին ԱՄՆ դեսպանության կողմից «Կրիմինալիստիկա» առարկայից անց են կացվել վերապատրաստման դասընթացներ՝ «Բանավոր պատկերի մեթոդիկայի օպերատիվ հետախուզական գործունեություն» և «Փաստաթղթի կրիմինալիստիկական հետազոտում» թեմաներով: Դասընթացները վարել են ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 97 ծառայողներ:
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով զեկույցի պատասխանատու պարոն Ացուկի Տակահաշիի հետ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի օգնական միջոցով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Վրաստան
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
Հունվարի 29-ից փետրվարի 2-ը Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ստորագրված 2017թ. համատեղ միջոցառումների պլանի շրջանակներում կազմակերպվել է ճանաչողական այց Վրաստանի Թբիլիսի քաղաք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 5 ծառայողներ:
Մարտի 15-ին Լոռու մարզում հանդիպում են ունեցել հայ և վրաց իրավապահները: Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել սահմանամերձ գոտիներում, իրավապահ մարմինների փոխգործակցության խորացման, հանցավորության դեմ պայքարում ուժերի համատեղման, մի շարք հանցատեսակների և մարտահրավերների ուղղություններով միասնական միջոցների ձեռնարկման վերաբերյալ:
Հուլիսի 1-ից 4-ը Վրաստանի երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության բալային համակարգին և ոստիկանական շարժական պարեկային ծառայությունների կազմակերպման և գործունեության կարգին ծանոթանալու նպատակով Վրաստանի Թբիլիսի քաղաք է գործուղվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը:
Դեկտեմբերի 17-ից 19-ը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստանի Թբիլիսի քաղաք՝ ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև օպերատիվ համագործակցության և հետագա համագործակցությունն ընդլայնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գեորգի Գախարիան: Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը: Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Պաշտոնական այցի շրջանակում հայկական պատվիրակությունը եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնում, որտեղից ղեկավարվում և համակարգվում են հանրապետության փողոցներում տեղադրված տեսախցիկները:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության Ռուսթավիի կենտրոն: Պատվիրակության անդամները ծանոթացել են ծառայության գործակալության տեխնիկական հագեցվածությանը, տրանսպորտային միջոցների հաշվառման, համարանիշերի տրամադրման աշխատանքին, վարորդական վկայականների տրամադրման փուլերին ու գործընթացներին:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղել է նաև պարեկային ոստիկանությունում: Ծանոթացել են պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, պարեկային ծառայության մեքենաներին և այլն: Քանի որ Երևանում ևս շուտով կազմավորվելու է շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, հայկական պատվիրակության անդամները հետաքրքրվել են ծառայության դրական ու բացասական կողմերի, տեխնիկական և այլ խնդիրների մասին:
Դեկտեմբերի 19-ին հայկական պատվիրակությունը այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարության 112 արտակարգ իրավիճակների և օպերատիվ արձագանքման կենտրոն: Կենտրոնի ղեկավարությունը հակիրճ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները, ստեղծման ու կայացման պատմությունը:
Մոլդովայի Հանրապետություն
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ հետ «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ և Մոլդովային Հանրապետության ՆԳՆ միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
Ապրիլի 19-ից 20-ը Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Քիշնև քաղաքում կազմակերպվել է «Քրեաբանություն և դատաբժշկական փորձաքննություն. ներկան և ապագան, կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ զենք» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը:
Ապրիլի 19-ին ստորագրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Շտեֆան Չել Մառեյի ակադեմիայի հետ համագործակցության արձանագրություն:
Ֆրանսիայի Հանրապետություն
2018թ. ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:
Փետրվարի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կազմակերպվել է «Ձերբակալվածների պահման վայրի գործունեության ուսումնասիրում» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում կազմակերպվել են այցեր՝ Փարիզի 15-րդ շրջանի Կոմիսարիատ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակ, Նանտերի բարձր ատյանի դատարան, որտեղ ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամների և ֆրանսիացի գործընկերների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում:
Մարտի 14-ին և մայիսի 17-ին հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի ոստիկանական կառույցների փոխգործակցության, հարցերը, հատկապես՝ հասարարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման գործում, այդ ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքները։
Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկը հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար կազմակերպել է ներկայացում/պրեզենտացիա «Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության 14 ծառայողներ, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 1 աշխատակից:
Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ աջակցությամբ հոկտեմբերի 22-ից 27-ը կազմակերպվել է «Վերահսկելի մատակարարում թեմայով տարածաշրջանային վարժանք ՀՀ-ում և Վրաստանում: Վարժանքում ներգրավված են եղել Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ֆրանսիան, ինչպես նաև Եվրոպոլը և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը: Հայկական կողմից ներգրավված են եղել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մարտի 2-ից օգոստոսի 10-ը ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Պեկին քաղաքում կազմակերպվել է Իրավապահ սպաների համար վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
Հունիսի 28-ից հուլիսի 12-ը ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Գուանչժոու քաղաքում կազմակերպվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքար» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 14 ծառայողներ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության կողմից Պեկինի օտար լեզուների համալսարանում իրավապահ կապի սպաների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց, որին ներկայումս մասնակցում է ՀՀ ոստիկանության շտաբի ծառայողը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության կողմից կազմակերպվել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ծառայողի մասնակցությունը ՉԺՀ Պեկին քաղաքի հասարակական անվտանգության համալսարանում մագիստրոսական ծրագրին:
Հոկտեմբերի 10-ից 16-ը ՉԺՀ Պեկին քաղաքում կազմակերպվել են Չինաստանի Ազգային Ոստիկանության Համալսարանի 70-ամյակին նվիրված տոնակատարություններ, ինչպես նաև դրանց շրջանակներում՝ «Գլոբալ անվտանգության կառավարման ընդլայնում և ոստիկանական կրթության բնագավառում համագործակցության խթանում» խորագրով 10-րդ Ոստիկանական միջազգային ֆորում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը: ՀՀ ոստիկանության կրթահամալիրը դարձել է շուրջ 30 երկրների ոստիկանական ուսումնական հաստատություններ միավորող «Ոստիկանական կրթական համագործակցության միջազգային ֆորումի» Կառավարման խորհրդի անդամ: Ստորագրվել է Ոստիկանական կրթության բնագավառում համագործակցության միջազգային ֆորումի հայտարարագիրը:
Իրանի Իսլամական Հանրապետություն
Ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրին։ Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված և տեսանկարահանող սարքերով ֆիքսված արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդներին սահմանային անցակետերում ծանուցելու կարգը, ճանապարհային երթևեկության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Հանդիպման ավարտին Ալի Նասեր Սոբհանիփուրը այցելել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացել՝ ստորաբաժանման աշխատանքին։
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ճապոնիա
Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար, անվտանգության հարցերի պատասխանատու Տադահիրո Կիտամուրային և դեսպանության անվտանգության և հյուպատոսական բաժինների քարտուղար Մանվել Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում առկա օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև անձնագրերի կեղծման դեմ պայքարին առնչվող հարցեր:
Միջազգային կազմակերպություններ
Եվրոպական Միություն
Հունվարի 22-ից 26-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների համար ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության աշխատանքային խմբի ներքո անցկացվել է վերապատրաստման ծրագիր, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը: Ծրագրի արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել մարտի 5-ից 8-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում:
Հաշվետու ժամանակահատվածում Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) հարցերով ԵՄ «Գերազանցության կենտրոններ» նախաձեռնության կողմից «Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում փորձաքննության կարողությունների ամրապնդում հանցագործության վայրում՝ ՔԿՃՄ պատահարների հետաքննության ընթացքում» խորագրով թիվ 57 Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք հանդիպուներ և վերապատրաստումներ Ալբանիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Նիդերլանդներում, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության համապատասխան մասնագետները:
Եվրոպական Միության Եվրոպական հարևանության և համագործակցության գործիքի ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների հերթական այցի շրջանակներում հունիսի 27-ին Երևանում կազմակերպվել է 2018 թվականի ընթացքում ՍԻԳՄԱ-ի փորձագիտական առաքելության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության համակարգի համապարփակ գնահատման աշխատանքներում ներգրավված համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է ԵՄ և Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության 2015-2017թթ. գործողությունների ծրագրի» իրականացումը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին, Կիբերհանցագործությանը, փորձաքննություններին, քրեական վերլուծություններին նվիրված Շվեդիայում և Լեհաստանում կազմակերպված դասընթացներին:
Հունիսի 14-ից 15-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության ոստիկանական ծրագրի փակման նվիրված աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ: Ծրագրին ՀՀ ոստիկանության մասնակցությունը արժանացավ բարձր գնահատականի: Ընդհանուր առմամբ 2015-2017թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում վերապատրաստվել է ավելի քան 300 ոստիկանության ծառայող:
Եվրոպայի Խորհուրդ
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի Cybercrime@EAP ծրագրի իրականացումը, որի շրջանակներում կազմակերպվել են կիբերհանցագործությունների դեմ պայքարին նվիրված մի շարք հանդիպումներ և վերապատրաստումներ, մասնավորապես Ուկրաինայում, Ավստրիայում, Վրաստանում, Ռումինիայում, մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաև Երևանում:
Նույն ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 11-ից 13-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել են Կիբերհանցագործությունների դեմ պայքարի ռազմավարություններին նվիրված տարածաշրջանային համաժողովը և Cybercrime@EAP ծրագրի 2018թ. եզրափակիչ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետը:
ՀՀ ոստիկանության և Եվրոպայի խորհրդի քարտուղարության համագործակցության շրջանակներում` մարտի 21-ից 22-ը Երևանում անց է կացվել «Հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» թեմայով սեմինար-քննարկում: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցել են կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 26 ծառայողներ:
Հունիսի 5-ից 7-ը և նոյեմբերի 27-ից 29-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի Խորհրդի քրեական հարցերով Եվրոպական կոմիտեի (CDPC) 74-րդ և 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:
ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 23-ից 26-ը և հոկտեմբերի 29-ից 30-ը Ծաղկաձորում կայացել են վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության 64 ծառայողներ: Վերապատրաստման դասընթացները վարել է Մեծ Բրիտանիայի փորձագետ Էնթոնի Ուիլսը:
Նոյեմբերի 27-ից 29-ը նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Ընտանեկան բռնության դեմ պայքար» թեմայով ուսումնական այց Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտի 8 ծառայողներ:
Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքում տեղի է ունեցել «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի» միջգերատեսչական կոմիտեի աշխատանքային նախանիստը, որի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական քննարկումներ «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ: Նախանիստին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ՄՀՎ պետի տեղակալը, ով նաև մասնակցել է «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի» միջգերատեսչական կոմիտեի հունիսի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքում կայացած նիստին:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Հայաստան-ՆԱՏՕ
Հայաստան-ՆԱՏՕ 2017-2018թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ անվտանգության խորհուրդ:
Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՆԱՏՕ-ի գնահատման պատվիրակության հետ հանդիպում՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2017թ. կատարողականի գնահատման նպատակով: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ծառայողը:
Ինտերպոլ
Հունվարի 23-ից 25-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է ռադիոլոգիական և միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային սեմինար, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպելի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի 2 ծառայողներ:
Հունվարի 29-ից 31-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 78-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Մարտի 27-ից 28-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված «Կալկան» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայող:
Ապրիլի 10-ից 12-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում՝ Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի ԱԿԲ-ների ամենամյա 14-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Իռլանդիայի Հանրապետության Դուբլին քաղաքում մայիսի 15-ին կայացել է Ինտերպոլի Եվրոպական կոմիտեի արտահերթ հանդիպումը և մայիսի 16-ից 18-ը՝ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսի 46-րդ հանդիպումը, որոնց մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Սեպտեմբերի 3-ից 6-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Ֆրանսիայի Հանրապետություն Լիոն քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 79-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Ինտերպոլի ԱԿԲ-ների աշխատանքային ստանդարտների գնահատման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 16-ից 22-ը ՀՀ ժամանել էր Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանի հարցերով ստորաբաժանման տնօրեն Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակությունը՝ ուսումնասիրելու Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ոստիկանության այլ ստորաբաժանումների, ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես և Ինտերպոլի գլխավոր քարտուղարության ու անդամ երկրների գործընկեր կառույցների հետ փոխգործակցության մակարդակը։
Հոկտեմբերի 15-ից 19-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Ուկրաինայի Կիև քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի ռադիոակտիվ և միջուկային նյութերի անվտանգության հարցերին նվիրված հանդիպում, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի բաժնի պետի տեղակալը և մեկ ծառայող ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնից:
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է ռադիոակտիվ և միջուկային անվտանգության հարցերին նվիրված Ինտերպոլի GEIGER աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի 2 ծառայողներ:
Նոյեմբերի 18-ից 21-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացել է Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 87-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի և մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Արգենտինայի, Դուբայի Էմիրությունների ոստիկանապետերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համատեղ գործողություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության նպատակով: Քառօրյա նստաշրջանի վերջին օրը տեղի են ունեցել Ինտերպոլի Գործադիր կոմիտեի և Ինտերպոլի Նախագահի ընտրությունները: Կայացած ընտրությունների արդյունքում Ինտերպոլի նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոնգ Յանգը:
Դեկտեմբերի 4-ից 6-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 80-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
ԵԱՀԿ
Փետրվարի 7-ին Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման ժնևյան կենտրոնի համատեղ պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության շտաբի պետը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկման ոլորտում առաջնայնությունների և կարիքների գնահատում իրականացնելու, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները:
Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության Ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար Թորսթն Շտոդիկի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ԵԱՀԿ հետ համատեղ իրականացված ծրագրերը, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության կրթական համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված դրական արդյունքները, ինչպես և մի շարք առաջարկներ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության անմիջական աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Օպերատիվ տվյալների վրա հիմնված ոստիկանական գործունեությունը և դրա աջակցությունը համայնքային ոստիկանությանը» խորագրով աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության, Սերբիայի Հանրապետության ՆԳՆ և Էստոնիայի Ոստիկանության 5 փորձագետներից բաղկացած պատվիրակությունը: ՀՀ ոստիկանությունից մասնակցել են տարբեր ստորաբաժանումների և տարածքային մարմինների ղեկավար կազմի 20 ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի Հարավարևելյան Եվրոպայի գործողությունների հարցերով տնօրենի նորանշանակ տեղակալ Անտյե Ֆրիցին: Հանդիպման նպատակը նորանշանակ տեղակալի՝ Անտյե Ֆրիցի ներկայացումն էր:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետերը ընդունել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Կողմերը քննարկել են հավաքների անցկացման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոստիկանության ծառաղողների հմտությունների և գիտելիքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներով կրթահամալիրի ուսումնական ծրագրերում համապատասխան առարկաների առկայության, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ի կողմից 2019թ. ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցերը:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն (CEPOL)
Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2018թ. փոխանակման ծրագրի շրջանակներում հունիսի 4-ից 7-ը կազմակերպվել է ճանաչողական այց Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաք, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը:
Մայիսի 28-ից հունիսի 2-ը պատասխան այցով ՀՀ-ում է գտնվել Բուլղարիայի ներքին գործերի նախարարության կազմում գործող սահմանային ոստիկանության օպերլիազոր Պլամենա Պոպովան:
Նույն ծրագրի շրջանակներում հունիսի 11-ից 15-ը կազմակերպվել է «Կազմակերպված հանցավորություն՝ տնտեսական հանցագործություններ» թեմայով ճանաչողական այց Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաք, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Դեկտեմբերի 9-ից 11-ը Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում կայացել է Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2018թ. փոխանակման ծրագրի ազգային համակարգողների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի պետը: Քննարկվել են Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2018թ. փոխանակման ծրագրի կատարումը, ամփոփվել են փոխանակման այցերի արդյունքները: Գործակալության ղեկավարության կողմից ներկայացվել է 2019թ. փոխանակման ծրագիրը:
Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիա
Նոյեմբերի 6-ից 9-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անց է կացվել Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի (ԵՈՔԱ) գործադիր խորհրդի նիստը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, անդամակցում է Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիային 2017թ. մայիսի 7-ից: Նիստին մասնակցել են ԵՈՔԱ նախագահը, Ավստրիայի դաշնային ՆԳՆ անվտանգության ակադեմիայի պետը, Ավստրիայի դաշնային ՆԳՆ անվտանգության ակադեմիայից ԵՈՔԱ գլխավոր քարտուղարը, քարտուղարը Մարիո Քրեբսը, Նորվեգիայի ոստիկանության համալսարան-քոլեջի պետ, ԵՈՔԱ փոխնախագահը, Ուկրաինայի ՆԳՆ Լվովի պետական համալսարանի ռեկտորը, Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ռեկտորի տեղակալը, Գերմանիայի ոստիկանության համալսարանի, Ռումինիայի «Ալեքսանդրու Յոհանն Քուզա»-ի անվան ոստիկանության ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային ոստիկանական քոլեջի ներկայացուցիչները։
Միավորված Ազգերի Կազմակերպություն
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համատեղ «Հայաստանում փոխստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի «Աջակցություն սահմանակետերում» բաղադրիչի շրջանակներում 2018թ. ընթացքում անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել են մոնիթորինգային այցեր Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր, ինչպես նաև վերապատրաստումներ ՀՀ ոստիկանության ծառայողների համար:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում, հետագա համագործակցության և համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցերը քննարկելու նպատակով մայիսի 14–ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետը ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Երևանյան գրասենյակի ղեկավար Ջախոնգիր Ազիզխոջաևին։ Հայկական կողմը Ջախոնգիր Ազիզխոջաևին ներկայացրեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում տեղակայված ձերբակալված անձանց պահման վայրերում և, առհասարակ ոստիկանությունում մարդկանց իրավունքների խախտումները բացառելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նոյեմբերի 15-ին ՄԱԿ Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից իրականացվող և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հանդիպում, ինչպես նաև վերապատրաստման դասընթաց անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտի 58 ծառայողների համար:
Նոյեմբերի 28-ին Տաջիկստանի Հանրապետության 9 հոգուց բաղկացած պատվիրակությունը ուսումնական այցով եղել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: Այցը կազմակերպվել է ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի կողմից: Պատվիրակության կազմում եղել են ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչներ, Տաջիկստանի Հանրապետության տարբեր պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ: ԱՎ վարչության պետը ներկայացրել է ՀՀ փախստականներին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու ընթացակարգը, ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական ընտրություններին մասնակցելու կարգը:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Համաշխարհային բանկ
Մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Հովհաննես Քոչարյանը նշել է, որ հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ոստիկանության կողմից իրականացվելիք ծրագրային միջոցառման համար մշակված տեխնիկական առաջադրանքները համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին եւ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացվել կառավարություն։
Բազմակողմ համագործակցություն
ՀԱՊԿ
Փետրվարի 21-ից 22-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում անց են կացվել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մասնակցությամբ «Կոբալտ-2018» համատեղ շտաբային զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:
Ապրիլի 12-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի որոշման համաձայն մայիսի 28-ից հունիսի 1-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում անց է կացվել «Կանալ-Պատնեշ» (''Канал-Кордон'') հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը գտնվել է Չոլպոն-Աթա քաղաքում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Հունիսի 1-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը:
Օգոստոսի 10-ին Ղազախստանի Հանրապետության Ալմա Աթա քաղաքում կայացել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 10-ից 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվել «Կանալ-Կարմիր ավազաբլուր» («Канал-Красный бархан») հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը գտնվելու է Ղազախստանի Հանրապետության Շիմկենտ քաղաքում:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
ԱՊՀ
Փետրվարի 8-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
Հունիսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության տեղը և դերը պետական կառավարման համակարգում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Սեպտեմբերի 13-ից 15-ը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների միլիցիայի (ոստիկանության) ղեկավար կազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցացիայի մասնակից բուհերի ռեկտորների ամենամյա հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալը: Հանդիպման ընթացքում ստորագրվել է հանդիպման բանաձև, ինչպես նաև «Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ Ալմաթայի Մ. Եսբուլատովի անվան ակադեմիայի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև կրթական և գիտական ոլորտում համագործակցության մասին» արձանագրություն:
Սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
Դեկտեմբերի 6-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության փորձագետների խորհրդակցություն և դեկտեմբերի 7-ին ՌԴ ներքին գործերի նախարարությունում՝ հանդիպում, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը:
2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված այլ սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: