ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեությունը սկսվում է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումից, անցնում է խորհրդային տարիներով եւ հասնում մինչեւ մեր օրերը: |
Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակաշրջան (1918-1920)
ՆԳ նախարարներ`
Արամ Մանուկյան (1918 թ.հուլիս-1919 թ.հունվար),
Ալեքսանդր Խատիսյան (1919 թ.փետրվար-1919 թ.օգոստոս),
Աբրահամ Գյուլխանդանյան (1919 թ. օգոստոս-1920 թ.մայիս),
Ռուբեն Տեր-Մինասյան (1920 թ.մայիս-1920 թ.սեպտեմբեր),
ՍարգիսԱրարատյան (1920 թ.սեպտեմբեր-1920 թ.նոյեմբեր),
Սիմոն Վրացյան (1920 թ. նոյեմբեր-1920 թ.դեկտեմբեր):
Այս փուլում ՆԳ նախարարությունը ստորաբաժանված էր նահանգային, գավառական կոմիսարիատների, Երեւանում ստեղծվում է քաղաքային միլիցիայի վարչությունը, կազմավորվում է գյուղական համայնքային կոմիսարների ինստիտուտը: Պատմության այս շրջանում ՆԳ նախարարության լիազորությունները աննախադեպ էին. իր հիմնական գործառույթն իրականացնելուց զատ, նախարարությանն էին ենթարկվում հանրապետության կապի եւ հեռահաղորդակցության ոլորտը, երկաթուղին, դպրոցական համակարգը, որոնք միայն հետագայում տարանջատվեցին ՆԳ մարմիններից: Ընդունվում է Միլիցիայի ժամանակավոր օրենքը` (1920 թ. ապրիլի 21-ին), որով հստակ սահմանվում էին այս կառույցի խնդիրները, իրավունքներն ու պարտականությունները, օրենքով ամրագրվում են միլիցիայի կազմը, պաշտոնի ընդունման եւ արձակման կարգը, ստիճանավորների փոխհարաբերությունը, պատասխանատվությունը:
Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջան (1920 թ.-1991 թ.)
Այս ժամանակաշրջանը իր հերթին բաժանվում է 3 փուլերի:
Փուլ 1 (1920 թ.-1940 թ.)
ՆԳ նախարարներ`
Իսահակ Դովլաթյան (1920 թ.դեկտեմբեր-1921 թ.ապրիլ),
Պողոս Մակինցյան (1921 թ.ապրիլ-1921 թ.հուլիս),
Ավիս Նուրիջանյան (1921 թ.հուլիս- 1921 թ.օգոստոս),
Շավարշ Ամիրխանյան (1921 թ.օգոստոս-1924 թ.մայիս),
Հովհաննես Դուրգարյան (1924 թ.մայիս-1927 թ.հուլիս),
Սերգեյ Մելիք-Հովսեփյան (1927 թ.հուլիս-1928 թ.դեկտեմբեր),
Սեդրակ Մարգարյան (1929 թ.փետրվար-1929 թ.նոյեմբեր),
Հայկ Պետրոսյան (1929 թ.նոյեմբեր-1930 թ.մայիս),
Սեդրակ Օթյան (1930 թ.մայիս-1930 թ. հոկտեմբեր),
Արմենակ Աբուլյան (1930 թ.դեկտեմբեր-1934 թ.հուլիս),
Խաչիկ Մուղդուսի (1934 թ.հուլիս-1937 թ.սեպտեմբեր),
Վիկտոր Խվորոստով (1937 թ.նոյեմբեր-1939 թ.մարտ),
Ալեքսեյ Կորոտկով (1939 թ.մարտ-1941 թ. մարտ):
Հայաստանի խորհրդայնացումից հետո ՆԳ նախարարությունը վերանվանվեց Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատ, որի ամենակարեւոր եւ զորավոր ստորաբաժանումն էր արտակարգ հանձնաժողովը, որը դասակարգային անհաշտ պայքար հայտարարեց Հայաստանում պրոլետարիատի եւ հեղափոխության «թշնամիների» դեմ:
1929 թ. ՆԳ ժողկոմատը լուծարվում է` վերակազմավորվելով որպես պետքաղվարչություն, որի գործունեության մեխը ՙկուլակությունը որպես դասակարգ վերացնելու՚ քաղաքականությունն էր: ՆԳ ժողկոմատը վերականգնվում է 1934 թ. հուլիսին: Այս փուլաշրջանն էլ աննախադեպ էր` բռնություններով, հաշվեհարդարներով, բազում մահապատիժներով եւ աքսորով: Միայն այն փաստը, որ պաշտոնավարած 13 ժողկոմներից 10-ը զոհ գնացին բռնության այդ նույն մեքենային, որին ծառայել են, չափազանց խոսուն է:
Փուլ 2-րդ (1940-1960)
ՆԳ նախարարներ`
Գեորգի Մարտիրոսով (1941 թ.մարտ-1943 թ.մայիս, 1953 թ.մարտ-1954 թ.ապրիլ),
Իվան Մաթեւոսով (1943 թ.մայիս-1947 թ.օգոստոս),
Խորեն Գրիգորյան (1947 թ.օգոստոս-1953 թ.մարտ),
Պյոտր Պիսկունով (1954 թ.ապրիլ-1957 թ.օգոստոս),
Հայկ Մելքոնյան (1957 թ.օգոստոս-1961 թ.օգոստոս):
Բաժանափուլը համընկավ Մեծ Հայրենականի բռնկմանը: ՆԳ ժողկոմատի անմիջական ղեկավարությամբ կազմավորվում են գումարտակներ, ստեղծվում են միլիցիայի հատուկ ջոկատներ, ընդ որում` 1941 թ. մարտից ՆԳ եւ պետանվտանգության ժողկոմատներն առանձին գերատեսչություններ էին, որոնք կրկին վերամիավորվում են 40-ականների վերջին: 50-ականների սկզբին ՆԳ համակարգը վերստին առանձնացվում է պետանվտանգությունից` արդեն որպես նախարարություն, որի որոշ օղակները հենց այս փուլում են կազմավորվել:
Կառուցվում է ոստիկանության ներկայիս շենքը:
Փուլ 3-րդ ( 1960-1991)
ՆԳ նախարարներ`
Սերգեյ Արզումանյան (1961 թ.օգոստոս-1968 թ.դեկտեմբեր),
Վլադիմիր Դարբինյան (1968 թ.դեկտեմբեր-1974 թ.սեպտեմբեր),
Եվգենի Պատալով (1974 թ.դեկտեմբեր-1983 թ.նոյեմբեր),
Հայկազ Շահինյան (1983 թ.նոյեմբեր-1988 թ.հունիս),
Հուսիկ Հարությունյան (1988 թ.հունիս-1990 թ.մայիս),
Լեւոն Գալստյան (1990 թ.հունիս-1990 թ.օգոստոս),
Կառլոս Ղազարյան (1990 թ.օգոստոս-1991 թ.մարտ):
ՆԳ մինիստրության (այդպես էր կոչվում նախարարությունը) ստորաբաժանումներից էին միլիցիայի քաղաքային վարչությունը, շրջանային միլիցիայի բաժինները, պետավտոտեսչությունը: 1964 թ. կազմավորվում է ԽՍՀՄ ՆԳ մինիստրության ներքին զորքերի Հայաստանի գունդը, 1965-ին` ՆԳՄ շտաբը: Բարձրանում է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը, մեծ ուշադրություն է դարձվում դրանց նախականխմանը, վերականգնվում է միլիցիայի միջնակարգ դպրոցը, կառուցվում է դպրոցի` ներկայիս ոստիկանության Ակադեմիայի, շենքը: 1984-ին ՆԳՆ միլիցիայի միջնակարգ դպրոցը փոխարինվում է ԲԽՍՍ աշխատողների պատրաստման բարձրագույն դասընթացներով, որի բազայի վրա հետագայում բացվում է բարձրագույն դպրոցը: Համակարգը վերազինվում է տեխնիկապես:Այս փուլում կազմավորվել է նաեւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը:
Անկախացման տարիներ (1991-ից առ այսօր)
ՆԳ նախարարներ`
Աշոտ Մանուչարյան (1991 թ. մարտ-1991 թ. դեկտեմբեր),
Վալերի Պողոսյան (1991թ դեկտեմբեր-1992 թ.փետրվար),
Վանիկ Սիրադեղյան (1992 թ. փետրվար-1996 թ. նոյեմբեր),
Սերժ Սարգսյան (1996 թ. նոյեմբեր-1999 թ. հունիս),
Սուրեն Աբրահամյան (1999 թ. հունիս-1999 թ. նոյեմբեր),
Հայկ Հարությունյան (1999 թ. նոյեմբեր-2003 թ. հունվար, 2003 թ.
հունվարից մինչեւ 2008 թ. մայիս `ՀՀ ոստիկանության պետ),
Ալիկ Սարգսյան (2008 թ. մայիսի 29-ից մինչև 2011 թ. նոյեմբերի 1-ը` ՀՀ ոստիկանության պետ):
Վլադիմիր Գասպարյան (2011 թ. նոյեմբերի 1-ից 2018 թ. մայիսի 10-ը՝ ՀՀ ոստիկանության պետ):
2018 թ. մայիսի 10-ից ՀՀ ոստիկանության պետը Վալերիյ Օսիպյանն է:
Անկախ պետության վերահռչակման նախօրեին ՆԳ նախարարությունը ներկայացնում էր ոչ միայն կայացած իրավական կառույց, այլեւ ազգային կառույց: ՆԳ ստորաբաժանումներն առաջինն ընդունեցին ազերի ջոկատների եւ խորհրդային կանոնավոր բանակի դավադիր հարվածները հանրապետության սահմանամերձ տարածքներում: Հայ ոստիկաններից շատերը կամավորական ջոկատներին անդամագրված մասնակցել են մարտական գործողություններին, ՆԳ համակարգի տասնյակ աշխատակիցներ զոհվեցին ռազմադաշտում: Միեւնույն ժամանակ նրանց գործընկերները թիկունքում շարունակում էին իրականացնել իրենց գլխավոր խնդիրը` պայքարը հանցավորության դեմ:
1992 թ. հունիսի 21-ին ՀՀ Նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվում է ՆԳՆ Ներքին զորքերը:
Վերացվում են ԲԽՍՍ եւ տեղամասային տեսուչների օղակները (երկրորդը վերջին տարիներին վերականգնվել է):
Ստեղծվում է կազմակերպված հանցավորության, թմրամոլության դեմ պայքարի ստորաբաժանումներ:
ՆԳՆ բարձրագույն դպրոցը վերակազմավորվում է Ակադեմիայի:
1992 թ. Հայաստանն անդամակցում է Ինտերպոլին, ավելի է սերտանում համագործակցությունը թե ԱՊՀ եւ թե արտասահմանյան այլ երկրների իրավապահների հետ:
1996 թ. նոյեմբերին ՆԳ եւ Ազգային անվտանգության նախարարությունները միավորվում են, ապա 1999 թ. տարանջատվում առանձին նախարարությունների:
2001 թ. ապրիլի 16-ին ընդունվում է ՙՈստիկանության մասին՚ օրենքը եւ ապրիլի 16-ը օրացույցի մեջ է մտնում որպես Ոստիկանության օր:
2002 թ. հունիսի 30-ին ընդունվում է ՙՈստիկանությունում ծառայության մասին՚ ՀՀ օրենքը, որով ՆԳ նախարարությունը 2003 թ. հունվարի 1-ից վերակազմավորվեց ՀՀ ոստիկանության:
Ի կատարումն Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների, քրեական պատիժների իրականացման վարչությունը 2001 թ. ոստիկանության ենթակայությունից փոխանցվել է Արդարադատության նախարարությանը` վերակազմավորվելով որպես քրեակատարողական վարչություն:
2002 թ. ոստիկանության համակարգից Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանը հանձնվեց Հրշեջ պահպանության վարչությունը: