ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Մայիսի 11-ից 13-ը Վալետայում (Մալթայի Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 40-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էին Եվրոպական տարածաշրջանի 45 անդամ երկրների ոստիկանության եւ իրավապահ մարմինների ու 16 միջազգային կազմակերպությունների 150 պատվիրակներ: Որպես դիտորդ մասնակցում էին Եվրոպական խորհրդի, Եվրոպոլի, Եվրոպական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կոսովոյում Եվրամիության ոստիկանական առաքելության, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Գործադիր կոմիտեի եվրոպայի համար փոխնախագահ Միրեյ Բալեստրազին, ինչպես եւ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, Կազմակերպության նախագահ Կու Բուն Հույը:
Նիստերի գործնական կազմակերպումը ապահովում էին եվրոպական ենթավարչության անդամները` Գլխավոր քարտուղարության 35 աշխատակիցների անմիջական մասնակցությամբ: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:
Կոնֆերանսի աշխատանքները հիմնականում նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես` մարդկանց թրաֆիքինգին, ապօրինի միգրացիային, երեխաների սեռական շահագործմանը, ահաբեկչությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը եւ այլն:
Բացման խոսքով հանդես եկավ Ինտերպոլի նախագահ Կու Բուն Հույը` նշելով, որ հանդիպումը շատ կարեւոր դեր է խաղում Ինտերպոլի, տարբեր տարածաշրջանների եւ, առհասարակ, ամբողջ աշխարհի իրավապահների միջեւ կապն առավել հաստատուն դարձնելու առումով:
Բացման արարողությունից եւ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներից հետո կոնֆերանսի մասնակիցները հաստատեցին օրակարգը, որտեղ քննարկման համար ընդգրկված էին ռազմավարական, օպերատիվ եւ ղեկավարման բնագավառների մի շարք կարեւորագույն հարցեր:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ, շնորհանդեսներ, ծավալվեցին քննարկումներ:
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2011-2013 թթ. համար մշակված եվրոպական բիզնես-պլանի քննարկման եւ ընդունման հարցերին:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Լեհաստանի եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ:
2011 թ. Եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսը կանցկացվի Իսրայելի Պետությունում: