ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.09.2018 16:41
Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր:
Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ անցած ամիսների արդյունքներին, վերլուծեց վիճակագրական տվյալները` կարևորելով հատկապես հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումն ու ոստիկանության հանդեպ հանրային վստահության աննախադեպ աճը:
Խոսելով հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին` Վալերիյ Օսիպյանը կանխատեսվող արդյունքները պայմանավորեց անձնակազմերի ու ղեկավարների պրոֆեսիոնալիզմով ու սրտացավությամբ, կոռուպցիայի դեմ հետևողական ու անզիջում պայքարով, աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանն ուղղված ամենօրյա ջանքով, կադրային քաղաքականության, գործառնական պարտականությունների կանոնակարգման և օպտիմալացման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքով:
Ոստիկանության պետը նախանշված ծրագրերից առանձնացրեց Ճանապարհային երթևեկության կառավարման ոլորտում վարորդների գնահատման բալային համակարգի և բազմաֆունկցիոնալ պարեկային ծառայության ներդրման ծրագրերը, որոնք ներկայումս կառավարությունում քննարկման փուլում են:
Վալերիյ Օսիպյանը կարևորեց նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ոստիկանության դերն ու խնդիրները:
Ոստիկանության պետը կարգադրեց անել առավելագույնը ընտրախախտումները, ընտրակաշառքը, ընտրության ոււղղորդումը և այլ արատավոր երևույթներ բացառելու, ընտրողների ցուցակների վերջնական ճշգրտման, ընտրությունների ընթացքում հասարակական կարգի լիարժեք ապահովման համար:
Ներկայացնելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքը` Վալերիյ Օսիպյանը համոզմունք հայտնեց, որ ընտրությունների պատշաճ կազմակերպումը ոստիկանության յուրաքանչյուր ծառայող կդիտի որպես անձնական պատասխանատվության և պատվի ու արժանապատվության գործ:
Վալերիյ Օսիպյանը խոսեց նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ու Երևանի 2800-ամյակի ընթացքում ոստիկանության խնդիրների մասին և կարևորեց զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի ու քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
Վալերիյ Օսիպյանը դրական գնահատեց «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումն ու այդ միջոցառմանը ոստիկանության մասնակցության արդյունքները:
Ամփոփելով խորհրդակցությունը` Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության անձնակազմին արդյունավետ ծառայության համար` առանձնացնելով հատկապես պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներին և հասարակության հետ շփման առաջնագծում գտնվող ստորաբաժանումների աշխատակիցներին:
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: