ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2018 17:07
Քաղաքացիների ընդունելություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։ Ընդունելության էին եկել ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից: Քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։
Նրանց հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության սահմաններում էին, և՛ դրանից դուրս։ Ոմանց դժգոհությունը նախկինում կարճված քրեական գործերի վերաբերյալ էր, ոմանք էլ խնդրում էին, որ այս կամ այն հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտվի: Կային և քաղաքացիներ, որոնք առնչվել էին ոստիկանության կոնկրետ ծառայողների հետ ու բողոքում էին նրանց գործողություններից, նաև՝ անգործությունից։
Վալերիյ Օսիպյանը տեղում հանձնարարեց ուսումնասիրել բողոքները, պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։
Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ չի կարող լինել քաղաքացու որևէ դիմում-բողոք, որին ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ընթացք չտրվի: «Այսօր մենք դրական արձագանք ենք ստանում քաղաքացիներից, պարզապես վստահել է պետք: Հանացագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը հանրային շահ է, և ոստիկանությունը այդ առումով ջանք չի խնայում»,- ասաց Վալերիյ Օսիպյանը։
Ինչ վերաբերում է ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրներին, դրանք բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը քաղաքացիներին պարզաբանեց իրենց անելիքները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ոչ միայն ուղղորդելով, այլև գործնական քայլերով։
Ընդունելությանը եկածներից շատերը դիմումներն առձեռն էին բերել: Վալերիյ Օսիպյանը տեղում ուսումնասիրեց՝ հանձնարարելով դիմումները մուտքագրել քարտուղարությունում և անհապաղ ընթացք տալ։ Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ոստիկանության պետին իրենց լսելու, իրենց կողքին լինելու, հոգատար ու պատրաստակամ վերաբերմունքի համար։