ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.12.2015 15:20
Ոստիկանությունում կայացավ հանդիպում լրագրողների հետ: Թեման նախատոնական և տոնական օրերին ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներն էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 25-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում հանդիպեց լրագրողների հետ:
Տարեվերջյան հանդիպման թեման նախատոնական եւ տոնական օրերին ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներն էին:
Անդրադարձ եղավ նաեւ 2015 թվականի ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Նորիկ Սարգսյանը նշեց, որ տարվա սկզբից ճանապարհային ոստիկանության առջեւ խնդիր էր դրվել հատուկ աշխատանք տանել ճանապարհային երթեւեկության կանոնների այնպիսի խախտումների, ինչպիսիք են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, փոխարինված կամ կեղծված համարանիշերով երթեւեկելը, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելը:
Ներկայացնելով 2015 թվականի 11 ամիսների վիճակագրությունը՝ Նորիկ Սարգսյանը մասնավորապես նշեց.
- Հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 398560 խախտում, որոնցից 5941-ը՝ ոչ սթափ վիճակում վարելու, 246-ը՝ փոխարինված կամ կեղծված համարանիշերով երթեւեկելու վերաբերյալ, իսկ 389 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ:
Բանախոսը ներկայացրեց նաեւ վթարայնության վիճակագրությունը, ըստ որի՝ 2015 թվականի 11 ամիսների ընթացքում տեղի ունեցած 3104 պատահարների հետեւանքով 308 մարդ զոհվել է, 4304 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ երթեւեկության կանոնների խախտումների հայտնաբերման դեպքերը 50265-ով ավելացել են, որոնցից 2882-ը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքեր են:
Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում են պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը: Ուստի ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին հանրապետության բնակավայրերում եւ ճանապարհներին իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Ներողամատություն չի դրսեւորվելու հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական կարգախումբն ուղեւորներին կուղեկցի տուն, իսկ մեքենան կտեղափոխվի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Ինչպես ներկայացրեց Նորիկ Սարգսյանը, դեկտեմբերի 22-ից ճանապարհային ոստիկանության բոլոր ուժերն ու միջոցները կենտրոնացվել են եւ կարգավորվում են երթեւեկեությունը շուկաների եւ առեւտրի այլ կետերի հարակից տարածքներում, խաչմերուկներում:
«Արվելու է ամեն ինչ՝ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով եւ խցանումներով չփչացնելու համար»,- հավաստիացրեց Նորիկ Սարգսյանը:
«Գրված օրենքներից բացի, կան նաեւ չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է»՝ սա արդեն ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ոստիկանությունը հորդորում է պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ:
Հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին լրագրողների հարցերին: