ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2014 18:51
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում
Հոկտեմբերի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ երկկողմ հանդիպում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի և Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական կրիմինալ դեպարտամենտի տնօրեն, ոստիկանության գնդապետ Իվանե Պապիաշվիլիի միջև:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Գևորգյանը, Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Նադարյանը, Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Կարապետյանը, Շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Արաբյանը, Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական կրիմինալ դեպարտամենտի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Օթարի Միրզոևը, Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն, ոստիկանության մայոր Շալվա Կվինիխիձեն, Քվեմո-Քարթլիի ռեգիոնալ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևան Կվիցիանին, Սամցխե-Ջավախեթիի ռեգիոնալ վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Թեյմուրազ Կալանդաձեն և ՀՀ-ում Վրաստանի ՆԳՆ ոստիկանական կցորդ, ոստիկանության կապիտան Կամո Գալուստյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին օպերատիվ-ծառայողական գործունեության մի շարք հրատապ հարցեր:
ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև սահմանային համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ստորաբաժանումների ղեկավարները պայմանավորվեցին ակտիվացնել օպերատիվ տեղեկատվության փոխանակումը հետևյալ ուղղություններով՝
- անձանց հետախուզում,
- թմրամիջոցների անօրինական տարանցում,
- ավտոտրանսպորտային միջոցների առևանգում,
- բնակարանային գողություններ և մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր գնահատեցին երկու գերատեսչությունների ստորաբաժանումների միջև առկա համագործակցությունը:
Հանդիպման շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Վրաստանի ՆԳ նախարարության «112» ծառայություն, որտեղ ստացվում, կենտրոնացվում ու մշակվում է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը:
Հայկական պատվիրակությունն այցելեց նաև Թբիլիսի քաղաքի ոստիկանության վարչություն, որտեղ ծանոթացավ ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմաններին, ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին: