ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2013 18:15
Վնասվածքներ պատճառողների ինքնությունը պարզվել է /ԼՐԱՑՎԱԾ/
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում իրեն ծեծել են:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն և Էդգար:
Ոստիկանները պարզել են նաև նրանց ինքնությունը՝ 1991 թ. ծնված Վազգեն Ա. և 1989 թ. ծնված Էդգար Շ.:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ի լրումն
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վազգեն Ա.-ն և Էդգար Շ.-ն ներկայացել են ոստիկանություն և տվել բացատրություններ` ընդունելով Վիգեն Դ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը:
Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի հարևանությամբ, տևել է կարճ և պատահական անցորդների միջամտությունից հետո անմիջապես ավարտվել է, դրա հետևանքով հասարակական կարգը չի խանգարվել:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վիգեն Դ.-ի մարմնական վնասվածքներն առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել, և վերջինս էլ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետին հասցեագրած դիմումով ու լրացուցիչ բացատրությամբ նշել է, որ Վազգեն Ա.-ի և Էդգար Շ.-ի հետ հաշտվել է ու նրանց դեմ բողոք չունի, ուստի 27.09.2013 թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: