ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2018 20:17
Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 28-ին ևս քաղաքացիների է ընդունել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց քաղաքացիների։ Նրանց դիմումները կա՛մ վերաբերվում էին ոստիկանության գործառույթներին, կա՛մ առնչվում էին ոստիկանության ծառայողների գործողություններին։ Ոմանց ներկայացնելով՝ տարիներ առաջ տուժել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունից և կարծում են, որ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Ոմանց պատմելով էլ՝ նախկինում հանցագործության վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել իրավապահներին, սակայն անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով նրանք ուղեկցվեցին ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն՝ հաղորդում տալու։ Ոստիկանության պետը վստահեցրեց, որ ցանկացած դիմում-բողոք ուսումնասիրվում է իր անմիջական հսկողության տակ, ուստի կիրականացվեն օբյեկտիվ ծառայողական քննություններ և անկախ համակարգում զբաղեցրած պաշտոնից մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Մի քաղաքացու ներկայացրածով՝ այն հաստատությունում, որտեղ ինքն աշխատում է, ապօրինություններ են կատարվում։ Վալերիյ Օսիպյանը նրան վստահեցրեց, որ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշեցնելով, որ հանացագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը հանրային շահ է, և ոստիկանությունը այդ առումով ջանք չի խնայում։ Ընդունելության էին եկել նաև աշխատանքի ընդունման խնդրանքով քաղաքացիներ, որոնց դիմումները, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, կուսումնասիրվեն ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում։
Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ոստիկանության պետին իրենց լսելու, իրենց կողքին լինելու և պատրաստակամ աջակցելու համար։ «Մեր առաքելությունը քաղաքացու կողքին լինելն է, ուստի ոստիկանության պետից մինչև շարքային պարտավոր ենք միշտ լսել և աջակցել ձեզ։ Դա մեր աշխատանքն է․ մենք ձեզանից մեկն ենք․․․»,- բոլորին հավաստիացրեց ոստիկանության պետը։