ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2016 17:36
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 29-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 2015 թվականի հոկտեմբերին իր ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է, սակայն բնակչության պետական ռեգիստրում մինչ այժմ ունի հաշվառում: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ հաշվառման հասցեն փոխելու ընթացակարգին: Նրան տեղեկացվել է, որ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցվելուց հետո անձը այլևս բնակչության պետական ռեգիստրում չի կարող այլ հասցեով հաշվառվել, այլ պետք է դիմի անձնագրային ծառայություն՝ հաշվառումից դուրս գրվելու համար: Հաշվի առնելով, որ դիմումատուն գտնվում է օտարերկյա պետությունում՝ նրան իրազեկվել է, որ նշված գործողության համար կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Զանգահարողին փոխանցվել է նաև լիազորագրի բովանդակությունը:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացուհին տեղեկացրել, որ իր երկու մանկահասակ երեխաներն ունեն Հայաստանի քաղաքացու անձնագրեր, որոնց վավերականության ժամկետները լրացել են: Ինքը ցանկանում է այցելել Հայաստան, միաժամանակ՝ երեխաների համար ստանալ նաև անձնագրեր: Կնոջը հետաքրքրում էր, թե երեխաների ներկայությունը պարտադի՞ր է, ի՞նչ ժամկետում կարող է ստանալ փաստաթղթերն ու որքա՞ն վճարի դիմաց: Նրան պարզաբանվել է, որ եթե երեխաները ստանալու են կենսաչափական անձնագրեր, ապա նրանց ներկայությունը պարտադիր է՝ տեղում լուսանկարվելու համար: Նշված փաստաթուղթը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, պետական տուրքը Հայաստանում դիմելու դեպքում կազմում է 25.000 դրամ: Եթե երեխաների համար ծնողը ցանկանում է ստանալ հին նմուշի անձնագիր, ապա երեխաների ներկայությունը պարտադիր չէ, փաստաթուղթը տրվում է 5-րդ աշխատանքային օրը, անձնագրի պետական տուրքի չափը 1.000 դրամ է: Հաշվի առնելով, որ մինչև 16 տարեկան երեխաների անձնագիրը տրվում է 3 տարի վավերականության ժամկետով, ապա գանձվում է նաև 3.000 դրամ՝ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար: Տեղեկացվել է նաև, որ օտարերկյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություններում գործում են պետական տուրքի այլ դրույքաչափեր, տարբեր ընթացակարգեր և անձնագիր ստանալու ժամկետներ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: