ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.03.2016 17:10
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 22-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ գործարք կատարելու համար ներկայացրել է նույնականացման քարտը, սակայն նրանից չեն ընդունել այդ փաստաթուղթը` պահանջելով միայն անձնագիր: Քաղաքացուն հետաքրքրում է, թե արդյո՞ք իրավաչափ է նշված գործողությունը: Նա խնդրել է նաև տեղեկատվություն տրամադրել նույնականացման քարտի առավելությունների մասին:
Մեր հայրենակցին պարզաբանվել է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, համաձայն որի՝ նույնականացման քարտը Հայաստանի քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Հետևաբար, ոչ մի կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական ձևից, իրավասու չէ մերժելու քաղաքացուն, երբ նա ներկայացնում է նույնականացման քարտը : Ինչ վերաբերում է նույնականացման քարտի առավելություններին, ապա ոստիկանության ներկայացուցիչը ամփոփ ներկայացրել է դրանցից մի քանիսը : Այսպես.
1) նույնականցման քարտում ամրագրվում է հանրային ծառայությունների համարանիշը և անհրաժեշտության դեպքում քաղաքացին ստիպված չի լինում դիմելու և ստանալու հանրային ծառայությունների համարանիշ, որը A4 ֆորմատի թղթով է տրամադրվում, շուտ է մաշվում և պատռվում,
2) հաշվի առնելով, որ նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում կան հատուկ պաշտպանական ապահովումներ, էլեկտրոնային ստորագրությունը նույնականացման քարտում պահպանելն առավել ապահով է, քան այլ եղանակով այն ստանալը և օգտագործելը,
3) նույնականացման քարտ ստանալուց հետո անձը կարող է ձևավորել պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե,
4) նույնականացման քարտ ստանալիս անձը ոստիկանությունում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները, որը կանխում է հետագայում այլ անձի կողմից, այլ տվյալներով նույնականացման քարտ ստանալու հնարավորությունը,
5) նույնականացման քարը որպես անձը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ առավել դյուրին է կրելը,
6) այն ավելի դիմացկուն է, քան թղթային անձնագիրը,
7) վճարահաշվարկային տերմինալներով կոմունալ և այլ վճարումներ կատարելիս նույնականացման քարտը տերմինալի համապատասխան գրպանիկում մտցնելիս անմիջապես ներբեռնվում է ձեր տվյալները,
8) լինում են դեպքեր, երբ քաղաքացին անձնագիրը ներկայացնում է որևէ երկրի դեսպանատուն մուտքի վիզա ստանալու համար և այն տևում է օրեր, շատ դեպքում նաև շաբաթներ: Գործարքներ կատարելու համար իրեն անհրաժեշտ է լինում անձը հավաստող փաստաթուղթ, իսկ անձնագիրը դեսպանատնում լինելու պատճառով չի կարողանում իրացնել վերը նշված իրավունքը: Նույնականացման քարտ ունենալու դեպքում քաղաքացին կարող է ներկայացնել ցանկացած մարմին օրենքով սահմանված իրավունքներն իրացնելու համար, այն դեպքում, երբ անձից պահանջվում է անձը հավաստող փաստաթուղթ,
9) hին անձնագիր ստանալու համար քաղաքացին լրացուցիչ ծախս կատարելով անձնագրային ծառայություն էր ներկայացնում երկու լուսանկար: Նույնականացման քարտ ստանալու համար անձը լուսանկար չի ներկայացնում, այլ լուսանկարահանումը կատարվում է տեղում, առանց լրացուցիչ գանձում կատարելու:
ԱՄՆ-ից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ ստացել է ԱՄՆ քաղաքացիություն և ցանկանում է տեղեկանալ այլ երկրի քաղաքացիություն ստանալու կապակցությամբ իրավասու մարմնին գրավոր հայտնելու կարգը: Նրան պարզաբանվել է, որ հարցը կարգավորվում է Հայաստանի կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1110-Ն որոշմամբ: Էլեկտրոնային եղանակով քաղաքացուն ուղարկվել է նշված որոշումը և պարզաբանվել դիմելու ընթացակարգը:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 29-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: