ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2015 18:24
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (www.aravot.am կայքում հրապարակված «Անձնագրային վարչությունները դարձել են փաթեթներով 9-րդ ձև տվող գրասենյակներ» հոդվածի կապակցությամբ)
Համացանցում տարածվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, համաձայն որի՝ համատարած 9-րդ ձև (անձնագրի փոխարեն ժամանակավոր փաստաթուղթ) է բաժանվել: Ըստ հայտարարություն՝ տարածողի «անձնագրային վարչությունները» դարձել են փաթեթներով 9-րդ ձև տվող գրասենյակներ:
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական տրամադրվում է այն դեպքում, երբ անձը կորցրել է անձնագիրը և դրա մասին գրավոր դիմում է ներկայացնում անձնագրային ծառայություն կամ դիմում է նույնականացման քարտ ստանալու համար: Երկու դեպքում էլ ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա վավերականության ժամկետով:
Նույնիսկ քվեարկությանը մասնակցելու նպատակով անձնագրային ծառայություններ դիմել են քաղաքացիներ, տեղեկացնելով, որ անձնագրերը կամ գտվում են այլ մարզերում, կամ դրանք հանձնել են այլ պետությունների դեսպանատներ՝ մուտքի վիզա ստանալու համար: Նշված բոլոր դեպքերում մերժվել է ժամանակավոր վկայականներ տրամադրելը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման հիմքեր նախատեսված չեն:
Բացի այդ, հարկ ենք համարում իրազեկել, որ ժամանակավոր վկայականներում առկա են անձին նույնականացնելու հիմնական գործոններից մեկը՝ լուսանկարը:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին անձնագրային և վիզաների վարչություն է դիմել մի քաղաքացի, ժամանակավոր վկայական ստանալու համար՝ ներկայացնելով լուսանկար, որն ունեցել է մոտ 15 տարվա վաղեմության ժամկետ: Հաշվի առնելով, որ հնարավոր չի եղել ապահովել լուսանկարում պատկերված անձի և դիմումատուի նույնականացումը, ժամանակավոր վկայական չի տրամադրվել:
2015 թ. դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև 62 անձնագրային ծառայությունների կողմից քաղաքացիների տրամադրվել են ընդամենը 129 անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական: