ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.10.2016 15:40
Պատգամ ապրողներին. սիրել Հայրենիքն առանց ակնկալիքների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր նորանկախ պետությունն իր քաջորդիների նվիրումի ու խիզախումի կարիքն ունեցավ ստեղծման առաջին իսկ օրվանից:
Ու քաջորդիները հավատարիմ եղան Անկախության խորհրդին, պահեցին սահմանը, երկիրը, հողը...
Նաեւ՝ իրենց արյան գնով:
Նրանցից մեկն էլ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի անդամ Ղուկաս Աբգարյանն էր:
...1992-ի նոյեմբերի 26-ն էր. միլիցիայի կապիտան Էրիկ Մարգարյանը հավաքեց ջոկատի մարտիկներին եւ հայտնեց՝ գրոհի են գնալու, ջոկատը համալրվելու է կամավորության սկզբունքով:
Ցանկացողները շատ էին, ավելի ստույգ՝ բոլորը, բայց հրամանը հրաման էր՝ գրոհի 11 հոգով էին գնալու: Ղուկաս Աբգարյանը նրանցից մեկն էր:
Հարձակումը նախատեսված էր դեկտեմբերի 3-ի գիշերը:
Ղոչազի բարձունքը մառախուղի մեջ էր՝ թաց, ձյունոտ... Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տասնմեկհոգանոց խումբն անաղմուկ մոտեցավ հակառակորդի խրամատներին ու դիրքավորվեց: Հակառակորդից բաժանող տարածությունը 300-400 մետր էր:
Մարտն սկսվեց լուսադեմին: Առաջադրանքը հստակ էր. պետք էր գրոհով վերցնել բարձունքը: Բայց թշնամին միայն բարձունքի վրա չէր, ամենուր էր...
Դիմահար կրակն առաջինն իրենց վրա վերցրին միլիցիայի ջոկատի տղաները. կրակե հեղեղ էր զենքի ամենատարբեր տեսակներից...
Նահանջի հրաման տրվեց: Երկար համազարկերով՝ տղաները հետ քաշվեցին:
Տեղանքն անծանոթ էր, իսկ փրկության միակ հույսը մոտակա անտառակն էր...
Հրաձգությունն ավելի էր սաստկանում. անտառ չհասած՝ Ղուկաս Աբգարյանը վիրավորվեց: Էրիկ Մարգարյանը նետվեց դեպի ընկերը, բայց վիրավորվեց ոտքից, հետո վիրավորվեց Էդիկը... Եղան նաեւ առաջին զոհերը...
Հաղթանակն առանց զոհերի չի լինում. սա է դաժան իրողությունը: 1992-ի դեկտեմբերի 3-ը պարտության օր էր՝ պարտություն՝ հանուն գալիք մեծ հաղթանակի...
Մեր տղաների անթաղ մարմինները հայտնաբերվեցին ամիսներ անց, երբ Ղոչազի բարձունքը նվաճված էր...
Ղուկաս Աբգարյանի մարմինը հանգրվանեց հայրենի Աղավնատուն գյուղում...
Գյուղը հիշում է իր զավակին. գյուղի դպրոցը նրա անունն է կրում, բակում նրա կիսանդրին է առաջինը դիմավորում դպրոցականներին...
Դպրոցի փոխտնօրեն Արուսյակ Թադեւոսյանը պատմություն է դասավանդել Ղուկաս Աբգարյանին. ամեն անգամ հուզվում է սիրելի սանի մասին խոսելիս...
«Այսօրվա նման հիշում եմ Ղուկասին. հայրենասեր տղա էր: Դպրոցում արդեն առանձնանում էր իր հայացքներով. հայրենասիրությունը նրա արյան մեջ էր... Շատ խիզախ էր, համարձակ... Ղուկասը ոչ միայն լավ աշակերտ է եղել, նաեւ լավ մարդ էր»:
Հետո ուսուցչուհին հիշում է այն օրը, երբ ողջ գյուղը մի մարդու նման դիմավորեց իր հերոսին: «Ամբողջ գյուղը տակնուվրա եղավ, որովհետեւ չէինք պատկերացնում, որ Ղուկասին գնդակ կդիպչի.. Ողբում էինք, բայց նաեւ հպարտ էինք՝ նա զոհվել էր սուրբ գործի համար...»:
«Որդիս սուրբ գործի համար զոհվեց»,- հուզառատ, բայց հպարտ են նաեւ մոր խոսքերը... Որդու լուսանկարները, մեդալները, համազգեստը թանկագին մասունք են մոր համար...
«Իմ տղան շատ աշխատասեր էր, ընկերասեր, ընկերների համար ուշքը գնում էր...»,- որդու մասին այնպես է խոսում, ասես ուր որ է՝ տուն է գալու ու դեռ դրսից ձայն է տալու՝ մա՛մ, սոված եմ, հաց դիր...
Ամալյա մայրիկը մի սփոփանք ունի. թեպետ որդին չհասցրեց ամուսնանալ, ժառանգ ունենալ, բայց իրենց գերդաստանում մեկ այլ Ղուկաս է մեծանում, ու ինքը համոզված է, որ նա կյանքում կնմանվի հորեղբորը: Իսկ Ղուկասը հաստատում է տատի խոսքերը. «Ես Ղուկաս Աբգարյանի անվան դպրոցի աշակերտ Ղուկաս Աբգարյանն եմ: Գիտե՞ք ինչ զգացողություն է դա: Ամեն անգամ, որ մտնում եմ դպրոց, մեծ պատասխանատվություն եմ զգում: Դե, աշակերտներ ենք, երբեմն չարաճճիություն ենք ուզում անել, չենք կարող մի տեմպով ամբողջ դասին նստել: Լինում են նման դեպքեր, բայց հետո մտածում եմ, որ պետք չէր, ես հորեղբորս անունն եմ կրում, ես պետք է տարբերվեմ»:
Ղուկասը տատի հետ հազար անգամ է նայել այս նկարները, անգիր գիտի՝ երբ եւ որտեղ է լուսանկարվել իր Ղուկաս հորեղբայրը: Դրանք պարզապես լուսանկարներ չեն. դաս ու դպրոց են իր համար...
Հայրենիքը զգացողություն է, հայրենասիրությունը՝ գերագույն զգացմունք: Հայրենիքը սիրում են առանց վերապահումների. սա արդեն դաս է, որ Արցախյան ազատամարտում առողջություն կորցրած Էդուարդ Մոսիկյանն է տալիս, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաներն են տալիս...
Էդուարդ Մոսիկյանը Ղուկաս Աբգարյանի մասին խոսելիս դժվարությամբ է զսպում հուզմունքը: Ասում է՝ ռազմի դաշտում ամենածանրը ընկեր կորցնելն է... Չգրված օրենք է՝ վիրավոր ընկերոջը չթողնել մարտադաշտում: Իրեն, երբ ծանր վիրավորվեց, ընկերները չթողեցին, իսկ ինքն իրեն մեղավոր է զգում զոհված ընկերների՝ Էրիկի, Արմենի, Սամվելի, Ղուկասի, Էդոյի, բոլորի համար: Նրանք միշտ իր հետ են, իր հիշողության մեջ՝ համարձակ, խիզախ, ուժեղ՝ ինչպես ծառայության մեջ էին, ինչպես մարտադաշտում էին...
«Ինձ համար միշտ էլ ծանր է Ղուկասի մասին խոսել, մյուս տղաների, որոնց հետ եղել եմ ծառայության մեջ, սահմանին.... Հիմա նրանք չկան ու հանուն բոլորիս չկան... Պատերազմը ոնց որ փորձության դաշտ լինի, ամեն ինչ սովորում ես՝ կորցնել, գտնել... Բայց ամենամեծ կորուստն ընկերոջ մահն է, դա հոգեպես շատ ծանր է... Ճիշտ է, շատ ենք ցավում, որ մեր մարտական ընկերները մեր կողքին չեն, բայց դա զինվորի ճակատագիրն է՝ բոլոր փորձություններով, դժվարություններով, նաեւ՝ մահվան միջով անցնելն ու հաղթելը...»,- ասում է Էդուարդ Մոսիկյանը:
Հայրենիքը սիրում են առանց պայմանականությունների, առանց ակնկալիքների: Այդպես հաղթանակներ կերտած մեր նախնիք էին սիրում, այդպես Արցախյան ազատամարտում կյանքը հայրենիքին նվիրած տղաներն էին սիրում: Եվ իրենց երկնային բարձունքից պատգամում են՝ այդպե՛ս սիրել Հայրենիքը...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ