ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2015 21:08
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ «ID քարտ ունեցող 320 հազար քաղաքացի կարող է կրկնակի քվեարկության մասնակցել» հրապարակման առնչությամբ
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր նույնականացման քարտի և անձնագրի առկայությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կրկնակի քվեարկության հնարավորություն են ստեղծում: Ըստ կենտրոնի փորձագետի՝ նույնականացման քարտ ունեցողները կարող են մի քանի անգամ ընտրել՝ տարբեր տեղամասեր գնալով:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակչության պետական ռեգիստրը վարվում է քաղաքացուն միայն մեկ մշտական բնակության վայրում հաշվառելու սկզբունքով: Միայն նշված սկզբունքով է հնարավոր երաշխավորել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի կիրառումը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:
Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացին ինքնությունը հավաստող քանի փաստաթուղթ ունի՝ քվեարկությանը նա կարող է մասնակցել միայն մեկ անգամ:
Հանրաքվեի օրինական ընթացքով շահագրգռված բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում մտահոգություններ հայտնելուց առաջ ընտրացուցակները ներբեռնել ինտերնետից և ստուգել՝ միևնույն անհատական տվյալներով քանի ընտրողներ կան ցուցակներում:
Ոստիկանության պաշտոնական police.am կայքում նախապես հրապարակված միևնույն անհատական տվյալներն ունեցող 218 ընտրողներից բացի, ընտրողների տվյալների այլ կրկնությունները բացառված են: