ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2017 17:05
Դիակ՝ շենքի բակում: Ոստիկանները կարճ ժամանակում պարզեցին գողության փորձ կատարած և 12-րդ հարկից ընկած տղամարդու ինքնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 26-ին, ժամը 9-անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 4-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկը, սակայն այդ ընթացքում սայթաքել ու ընկել է:
Ոստիկանները կարժ ժամանակում պարզեցին, որ մահացածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արկադի Մխիթարյանն է, որը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության մեղադրանքով:
Դեպքի վայրի և դիակի զննությամբ հայտնաբերվել են լապտեր, պտուտակահան, ձեռնոցներ:
12-րդ հարկում հայտնաբերվել է բնակարանի պատուհանից հանված ցանցը:
Ոստիկանության քրեագետները դեպքի վայրը ենթարկել են մանրակրկիտ մշակման:
Նշանակվել են փորձաքննություններ:
Տանտիրոջից հաղորդում է ընդունվել:
Կատարվածի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: