ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.05.2015 12:55
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
Մայիսը հաղթանակների ամիս է մեզ համար: Ոչ թե գոյատևելու, այլ ապրելու և արարելու վճռականությամբ է ոտքի ելել մեր ժողովուրդը պատմության պարտադրանքի դեմ ու միաբանվելով հաղթել է: Միայն միաբանությամբ կա հաղթանակ, միայն նույն նպատակին գնալով՝ կա հաղթություն, միայն մահը մերժելու կամքով է նվաճվում ապրելու իրավունքը:
Այդպես եղավ Ավարայրում, Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Շուշիում…
Հաղթանակներ, որ հաստատեցին՝ հայը ոչ միայն արարելու, նաև արարածը պաշտպանելու հանճար ունի: Հաստատեցին, որ յուրաքանչյուր սերունդ իրեն ժառանգն է համարում նախորդների գործի և իրավատերն ու շարունակողը առաքելության, որ նրանք հանձն առել ու տարել են ժամանակների միջով:
Ավարայրի հաղթանակով հավաստեցինք մեր հավատին ու ոգուն անդավաճան լինելու իրավունքը:
Սարդարապատով հավաստեցինք պետականության պաշտամունքը պետություն դարձնելու իրավունքը:
Մեծ Հայրենականի հերոսամարտերում հարյուր հազարավոր հայ մարտիկների սխրանքով ու արյամբ հավաստեցինք, որ մասն ենք աշխարհի և մարդկության պատմության:
Շուշիի ազատագրմամբ հավաստեցինք մեր հայրենիքին տեր լինելու իրավունքը:
Լինենք միաբան, և կբազմապատկվեն հաղթական մայիսներն ու հավերժելու մեր իրավունքի հավաստումները:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին՝ Հաղթանակի օրվա առթիվ:
Շնորհավորում Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակով աշխարհին խաղաղություն բերած մեր վետերաններին, որոնց զինակիցներից չորսն արժանացել են Սովետական միության հերոսի բարձրագույն կոչման:
Շնորհավորում եմ Արցախյան ազատամարտին մասնակցած մեր ծառայակիցներին, հանուն Հայրենիքի կենաց ու մահու մարտերում իրենց կյանքը չխնայած մեր ընկերների ընտանիքներին ու հարազատներին:
Շնորհավորում եմ բոլորիս և նոր հաղթանակներ մաղթում՝ մեր երկրի խաղաղ շենացման, պետության ամրացման, երկրի զորացման գործում:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ