ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2015 11:27
ՈՒՂԵՐՁ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Սիրելի վետերաննե՛ր:
Նոյեմբերի 10-ը տասնամյակներ շարունակ ձեր մասնագիտական օրն է եղել և այսօր էլ տոնում եք՝ հիշողությա՛ն իրավունքով, նվիրումի ու վաստակի՛ իրավունքով, օրենքին ու ժողովրդին անմնացորդ տված պարտքի՛ իրավունքով:
Հանցավորությունը չունի ազգություն և քաղաքացիություն, դասակարգային կամ կուսակցական պատկանելություն:
Հանցավորությունը Չարն է, որի դեմ պայքարողները Բարին են պաշտպանում՝ անկախ ժամանակաշրջանից, պետական կարգից, օրվա կարգախոսից:
Բացարձակ բարին ընդդեմ բացարձակ չարի. սա՛ է եղել ձեր կոչումը, սիրելի՛ վետերաններ, որի կենսագործմանը տվել եք կյանք ու առողջություն, օր ու գիշեր, անցյալ ու ներկա՝ հանուն ապագայի:
Այդ ապագան եկել է, և այսօր էլ դուք բարու զինվորյալն եք, որովհետև իրական կոչումն ու առաքելությունը չեն անցնում վաստակած հանգստի, իսկ ծառայությունն ընդմիշտ է:
Ա՛յս հավատամքով եք այսօր շարքում, ա՛յս հավատամքով եք անգնահատելի օգնություն բերում մեր նոր ոստիկանությանը՝ փորձի փոխանցման, անչափահասների դաստիարակության, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքում:
Եվ մենք էլ, երախտագիտությամբ ընդունելով ձեր փորձառության լավագույնն ու լուսավորը, շարունակում ենք իրականություն դարձնել Նվիրումի և Առաքելության ձեր հավատամքը:
Առողջություն ու կորով եմ մաղթում ձեզ, հավատավորների շարքում մնալու կամք ու կարողություն, անսասան հավատ մեր մեծ գործի անպարտելիության հանդեպ, հարազատների հետ ձեր տոները կիսելու ու ձեր վաստակի անմնացորդ գնահատման երկար-երկար տարիներ:
Աստված ձեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ