ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2018 19:50
Հետախուզվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ: