ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2015 18:57
Միջազգային համաժողով Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունիսի 4-ին Երեւանում աշխատանքն սկսեց «Ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2015 թ. գործողությունների շրջանակներում:
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձավ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ու հեռանկարներին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ներկայացրեց Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացված աշխատանքը համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ծրագրի գործարկման, կադրերի վերապատրաստման եւ մի շարք այլ ուղղություններով:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին: Բարձր գնահատելով կառույցի փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ՝ դոկտոր Ֆլյուրին նշեց, որ նման համաժողովները գործընկերության ընդամենը երեւացող մասն են, ուր ամփոփվում է ամենօրյա գործնական աշխատանքը ոստիկանության ծառայողների վերապատրաստման, նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը միտված է ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանն ու հասարակություն-ոստիկանություն գործակցության սերտացմանը:
Համաժողովի առաջին մասը նվիրված էր հանցավորության կանխարգելման եւ հանրության ու ոստիկանության գործընկերության գործում համայնքային ոստիկանության դերին ու նշանակությանը:
«Հանրության վստահությունը՝ որպես ՀՀ ոստիկանության բարեփոխումների առաջնահերթություններից մեկը» զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների եւ կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Թիմ Փարսոնսը ներկայացրեց իր դիտարկումները քննարկվող հարցի վերաբերյալ:
ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանման հետազոտությունների եւ վերլուծությունների հարցերով խորհրդական Թորսթեն Շտոդյեկն իր զեկույցում անդրադարձավ համայնքային ոստիկանության ձեւավորման ու գործունեության վերաբերյալ ԵԱՀԿ մոտեցումներին:
Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացրեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը:
Համաժողովի երկրորդ մասում քննարկվեցին շահագրգիռ պետական եւ ոչ պետական մարմինների հետ ոստիկանության համագործակցության խնդիրները: Գործընկերության նշանակությանն ու առանձնահատկություններին անդրադարձավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Դենիել Սիլվերսթոունը: ԶՈՒԺՎ փորձագետ Կարմեն Վասիլը ներկայացրեց այս ոլորտում Արեւելյան Եվրոպայի երկրների իրավապահ մարմինների փորձը: «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Երանոսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացման ծրագրի շրջանակում գործընկերային մոդելի կիրառմանը, իսկ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը գործընկերային մոդելը քննության առավ ընտանեկան բռնության հակազդման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կարողությունների զարգացման ծրագրի համատեքստում:
Ավարտին «ԶԼՄ-ների նշանակությունը հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների ձեւավորման գործում» զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը՝ ներկայացնելով գործակցության առանձնահատկություններն ու խնդիրները:
Համաժողովի փակման խոսքով հանդես եկան հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին:
Համաժողովն անցավ առարկայական քննարկումների մթնոլորտում, մասնակիցները ներկայացրին կոնկրետ հարցադրումներ եւ հիմնախնդիրների գործնական լուծման ուղիներ: