ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2019 14:33
Ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2005 թվականից պաշտոնավարող համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման սահմանել է համայնքին պատկանող տրակտորի շահագործման գնացուցակ՝ 1 հեկտար հողատարածքը վարելու համար 30, հարթեցնելու համար 20, իսկ տնամերձը վարելու և հարթեցնելու համար 8 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը բնակչության շրջանում տեղեկություններ է տարածել, որ տրակտորի շահագործման դիմաց տրվող փողը մուտքագրվում է համայնքի բյուջե՝ օգտագործվելով և՛ համայնքի կարիքների, և՛ տրակտորի վերանորոգման համար։ Սակայն, գումարները չեն մուտքագրվել համայնքի բյուջե․ համայնքի ղեկավարը փողը ծախսել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար։
Միայն 2017-2018 թվականներին տրակտորն օգտագործել ցանկացողներից համայնքապետարանի տեղական տուրքերի և վճարների հարկման առաջատար մասնագետը հավաքագրել է ընդհանուր մոտ 1.000.000 դրամ, որը չի մուտքագրվել համայնքի բյուջե՝ ծախսվելով համայնքի ղեկավարի կողմից։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, և կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: